Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպան․ Հայաստանը Եվրոպայի օրրանն է, մեր քաղաքական երկխոսությունը շատ ակտիվ է


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառումից առաջ դեսպան Սվիտալսկին անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

Հայաստանի և Եվրամիության միջև շուտով կմեկնարկեն գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ բանակցությունները: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով՝ շարունակվում են նաև բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ։

«Եվրամիությունն ունի շատ հագեցած և դրական օրակարգ Հայաստանի հետ, մենք հիմա քննարկում ենք նոր շրջանակային համաձայնագիրը, շուտով մենք կսկսենք մեր քննարկումները և բանակցությունները գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, մենք կքննարկենք Հայաստանի զարգացման ծրագրերում Եվրամիության մասնակցությունը և ներդրումները, մենք բարենպաստ զարգացումների շատ լավ հեռանկար ունենք»,- ասաց ԵՄ դեսպանը։

Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառումից առաջ Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք առաջնորդվում են Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ ամուր հարաբերություններ կառուցելու մասին հայտարարություններով։ «Մեր հարաբերությունները քաղաքական երկխոսության մակարդակով շատ ակտիվ են և շատ դրական են, վերջին ամիսներին Եվրամիության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հայաստան, մեր համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակով շատ ակտիվ է»։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի հավաստմամբ՝ Հայաստանի հետ երկխոսությունը բաց է, դինամիկ և դրական է։ Ամեն ինչի հիմքում, ըստ նրա, ընդհանուր արժեքներն են: «Եվրամիությունը Հայաստանի զարգացման ծրագրերի համար ամենամեծ դրամաշնորհներ հատկացնող կառույցն է, ինչը ցույց է տալիս մեր փոխադարձ հարաբերությունների կարևորությունը։ Հայաստանն ունի շատ վառ արտահայտված եվրոպական ինքնություն, Հայաստանը Եվրոպայի օրրանն է, կարելի է այդպես ասել, Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, այս հիմքի վրա են մեր հարաբերությունները զարգանում»,- շարունակեց դեսպանը:

Այսօր Հայաստանում նշում են Եվրոպայի օրը, դրա շրջանակներում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հատուկ միջոցառում անցկացվեց, ելույթ ունեցան Հայաստանի մարզերից ժամանած երաժշտական խմբերը։

«Եվրոպայի օրը մեր համատեղ տոնակատարությունն է, Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության շրջանակներում այս տարի այն կրկնակի կարևոր է, որովհետև տոնում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը և Հայաստան-ԵՄ համագործակցության 25-ամյակը», - ասաց Պյոտր Սվիտալսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG