Հուլիսի 5-ը ողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի օր։ Հայաստանցի բնապահպանների տրամադրությունը, սակայն, այնքան էլ տոնական չէ։ Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, կապված առավելապես հանքարդյունաբերության հետ։
«Սովետական տարիներին մենք բողոքում էինք, որ ստեղ հանք բացեցին, ընդեղ հանք բացեցին, բայց անտառային տարածքներում հանք չէր բացվում: Հանք չէր բացվում այն տարածքներում, որտեղ ջրային ռեսուրսներն էին կառավարվում, կուրորտային տարածքներոմ չէր բացվում, բնակավայրերի անմիջապես կողքին չէր բացվում, հիմա այդ բոլոր արգելքները հանվել են, միայն՝ քանդենք-հանենք, քանդենք-հանենք»,- ասում է մասնագետը։
Բնապահպանները թվարկում են այն տարածքները, որոնցում կանաչը վերացվում է ու փոխարենը կառուցապատումներ են իրականացվում։ Բնապահպան Ինգա Զարաֆյան՝ «Հաղթանակ» այգում դիմացի մասը ոչ թե պուրակ էր, այլ անտառ էր, հիմա այնտեղ պուրակ էլ չկա, առանձին-առանձին ծառեր են մնացել, ամբողջը կառուցապատվել է։ Նորքի անտառի մասին խոսք չկա, փոքր բակերի, պուրակների մասին խոսք չկա»։ Կարինե Դանիելյան՝ «Երբ Նարեկ Սարգսյանը դարձավ գլխավոր ճարտարապետ, մամուլի ասուլիս տվեց, ասեց՝ գիտե՞ք հիմա ինչպես է լինելու, բոլոր նոր շինությունները շրջապատված են լինելու կանաչ տարածքով: Մենք նենց ուրախացանք, որ սարքելու են շենքը, կողքերը կանաչապատեն: Պարզվեց՝ սխալ ենք հասկացել, կանաչ տարածքը գտնում են, քանդում են, մեջը շենքը դնում են, մի երեք հատ ծառ կողքը մնում է»։
Բնապահպաններն ընդգծում են՝ կանաչ տարածքներն օր-օրի պակասում են, փոխարենը ցանկանում են կառուցապատել նույնիսկ անտառները։ Երեկ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը, որը նախատեսում է անտառային տարածքների կառուցապատում: Բնապահպանները պահանջում են, որ այս փոփոխությունները կյանքի չկոչվեն։ «Մենք որ վիճում էինք, ասում էին հետո մենք կառավարության որոշումով կսահմանափակենք՝ որ դեպքերում կարելի է, բա դու օրենքը ընդունում ես, թույլ ես տալիս, հետո Աստված գիտի՝ կառավարության որոշումով ի՞նչ կգրես, ե՞րբ կգրես»,- տարակուսում է Կարինե Դանիելյանը։
Որպես բնապահպանական լուրջ խնդիրներ մասնագետները Հայաստանում նաև ջրի պակասն ու դրա աղտոտվածությունն են մատնանշում։ Երեկ գողթեցիներն էին Գեղարդ տանող ճանապարհը փակել ու պահանջում, որ չեղարկվի այն ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը տանել այլ համայնքներ։ Բնակիչները պնդում էին, որ այդ ծրագիրը ոչ միայն իրենց, այլև երկրի համար բնապահպանական լուրջ խնդիր կարող է առաջացնել։
«Ազատի վտակներից Գիլանլարը վերցնում են խողովակների մեջ, իբր թե բերում են Գողթ համայնքին տալու համար, դա վերևում է գտնվում Խոսրովի անտառի: Ոչնչանալու է Խոսրովի անտառը, ոչնչանալու է Ազատ գետն ընդհանրապես, ոչնչանալու է Գառնիի կիրճը, արդեն Գառնի համայնքին է վտանգ սպառնում։ Ե՛վ Գողթ համայնքն է ամայանալու, և՛ Գառնի համայնքն է ամայանալու»,- ասում է գառնեցի Արուսյակ Այվազյանը:
Գառնեցիներն ու գողթեցիները համոզված են՝ Գեղարդալճի ծրագիրն իրականացվում է Հացավանի, Լանջազատի ու Գառնիի որոշ տարածքներ ոռոգելու համար, որոնք իրականում օլիգարխների են պատկանում։ «Հետևում թաքնված է Իշխան Զաքարյանը, որ իր անունով չէ, բայց հիմնականում ինքն է, ասում են, որ ձորի ԳԷՍ-ի տերը՝ Նարիմանով-Նարիմանյանը, Վոլոդյա Նարիմանյանը, և տաճարի տիրոջ․․․ տաճարի տերն ո՞վ է, մեր հայրենիքինն է տաճարը, մենք ենք տերը»,- շարունակում է գառնեցի Արուսյակը:
Կարինե Դանիելյանը համակարծիք է գյուղացիների հետ, ասում է՝ Հայաստանում բնապահպանական խնդիրները մեկ հիմնական պատճառ ունեն՝ «Եթե մեզ մոտ գերակա շահ չլինի մի խումբ ընտանիքների արագ հարստացումը, բոլոր խնդիրները կարելի է լուծել»։