Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը արժևորվում է նաև նրանով, որ արտահայտում է գերմանական հասարակության տեսակետը և որևէ կազմակերպության ջանքերի արդյունքը չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Ես կարծում եմ ինչ-որ չափով կտուժի նրա արժեքը, եթե մենք փորձենք ասել, որ սա սրա կամ նրա աշխատանքի արդյունք է: Բոլորի մասնակցությունը կար, մերն էլ կար․․․ պետք է բոլորի աշխատանքը գնահատել, բայց հատկապես՝ սա պետք է գնահատել որպես Գերմանիայի քաղաքական գործիչների կողմից սկզբունքային մոտեցում»,- ասաց Մանոյանը:
Իշխանությանը մաս կազմող Դաշնակցության ներկայացուցիչը, ընդգծելով, որ բանաձևի ընդունումը գերմանական հասարակության պահանջն էր, այնուամենայնիվ, ավելացնում է՝ թերևս, առանց Հայաստանի դերակատարության քիչ հավանական է, որ այն ընդունվեր։ «Չեմ կարող ասել՝ անկարելի է, որ որդեգրվեր, բայց առանց այդ դերակատարության, կարծում եմ, նվազ հավանական կլիներ: Կարծում եմ՝ պատահականություն էլ չէր, որ Գերմանիայի Բունդեսթագից բարձրաստիճան ներկայացուցիչներ կային այստեղ տակավին մի քանի շաբաթ առաջ, հանդիպեցին նախագահի հետ: Նախագահը պատգամ փոխանցեց, նաև ապրիլյան բախումներից անմիջապես հետո նախագահը պաշտոնական այցով եղավ Գերմանիայում»,- նկատեց Կիրո Մանոյանը:
Նա վստահ է, որ չնայած Թուրքիայի նախագահի և վարչապետի մակարդակով արվող հայտարարություններին, թե այս որոշումը վնասել է թուրք-գերմանական հարաբերությունները, այնուամենայնիվ, այդ հարաբերությունները շուտով նախկինի պես լավ կլինեն՝ «Որովհետև այդ հարաբերությունները Թուրքիան Գերմանիայի հետ չի տանում այնպես, որ հայերին սիրում են կամ չեն սիրում, այլ տանում են, որովհետև իր շահերից է բխում: Եվ եթե Թուրքիան այդ հարաբերությունների մակարդակն իջեցնի և այլն, դա կնշանակի՝ ինքն իր շահերին է խփում: Եվ կարծում եմ, որ կարող է ինչ-որ կարճ ժամանակ Թուրքիան դժգոհության որոշ ձևեր առնի նստի, բայց, իրականում, հարաբերությունները կշարունակվեն այնպես, ինչպես կային»: Հայ դատի գրասենյակի ղեկավարը հատկապես կարևորում է այն, որ Բունդեսթագի բանաձևն ազդեցություն կունենա Գերմանիայի շուրջ 3 միլիոնանոց թուրքական համայնքի, բացի այդ՝ նաև Թուրքիայի հասարակության վրա։
Մանոյանը նաև ուշադրություն է հրավիրում՝ ընդունված բանաձևում Բունդեսթագն ընդունում է «Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը տեղի ունեցածում»: Բանաձևը շեշտում է՝ «Բունդեսթագը նաև ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների և միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգնեցնելու համար»
Մեկնաբանելով այս դրույթը, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը հիշեցնում է՝ 20-րդ դարասկզբին Գերմանիան Թուրքիայի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակիցն էր: «Այսինքն, ամեն ինչը գտնվում էր գերմանական վերահսկողության և առնվազն՝ տեղեկացվածության ներքո: Եվ դա էր պատճառը, որ նույն Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն հետագայում, երբ մահանում է դեսպան Վանգենհայմը, պնդում է՝ այդ մարդը թերևս միակ մարդն էր, որը կարող էր կանխել մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը․․․»,- ասաց պատմաբանը: