Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձևի ընդունումը


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, արխիվ:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, արխիվ:

«Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում», - ասված է նախարարի հայտարարությունում:

«Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը», - եզրափակել է Նալբանդյանը:

ՀՀԿ ղեկավար անդամ Հովհաննես Սահակյանը, արխիվ:
ՀՀԿ ղեկավար անդամ Հովհաննես Սահակյանը, արխիվ:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ-ի ղեկավար անդամ Հովհաննես Սահակյանը կարևոր է համարում, որ նման բանաձև է ընդունել Գերմանիայի ընտրովի մարմինը․ - «Կարծես թե կշեռքի նժարին դրված էր եվրոպական լուրջ արժեքների և թուրքական մերժողականության ամբողջ գործընթացը և քաղաքականությունը: Ես կարծում եմ, իսկապես սա այն մեծ գործի սկիզբը պետք է լինի Եվրամիության բոլոր երկրների համար, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ նաև կարողանան չմերժելով, ճիշտ գնահատական տալով կանխել հետագա ցեղասպանությունները»:

Բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ակնհայտ հաջողություն է համարում նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այդուհանդերձ, նկատեց, որ բանաձևը ոչ այնքան հայամետ է, որքան ուղղված է Թուրքիայի դեմ․ - «Սա չի կարելի դիտարկել պրոհայկական բանաձև: Շատ լավ է մեզ համար․ պատմական արդարության գործընթացը շարունակվում է: Բայց թող սա երբեք չդիտվի, թե Գերմանիայի կառավարությունը, Եվրոպայի ամենահզոր երկիրը հանկարծ մաքուր պրոհայկական որոշում է կայացրել: Դա իր շահերից է եղել․ Թուրքիային Եվրամիություն ընդունելը կաշկանդող քայլերից մեկն է սա»:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, արխիվ:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, արխիվ:

Մանուկյանը մտավախություն հայտնեց, թե Էրդողանը կարող է այս բանաձևին ի պատասխան սրել իրավիճակը Ղարաբաղում․ - «Մնում է, որ մի քիչ զգուշանանք, որ հանկարծ դրա վնասները ավելի շատ չլինեն, քան օգուտները: Վնասը այն է, որ այսօր եթե Ղարաբաղի ճակատում լարվածություն է, եթե հայ-թուրքական հարաբերությունները, որ կարող էին լավանալ, ինչի կողմնակիցն եմ ես, մեր կուսակցությունը, բայց այս պահին, քանի որ իրավիճակը լարված է, այս որոշումը․․․ չէի ուզի այսպես ասել, որ դա կարող է վնասել և ավելի լարել իրավիճակը, բայց չի բացառվում»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այս բանաձևի ընդունումը համարում է «կարևոր և արմատական նշանակություն ունեցող» իրադարձություն: Նրա խոսքով, պահը հասունացավ, երբ բոլորը հույսը կտրեցին ցյուրիխյան գործընթացից․ - «Բոլորը նաև կամաց-կամաց ընկալում են, որ իրական կարգավորում հնարավոր չի՝ առանց Ցեղասպանության ճանաչման, որովհետև Թուրքիան շարունակում է մնալ Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ ժխտելով և իր ագրեսիվ քաղաքականությամբ, որը բոլորին հասցրել է համապատասխան աստիճանի արհամարհանքի այդ քաղաքականության նկատմամբ»:

ՀՅԴ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արխիվ:
ՀՅԴ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արխիվ:

Ռուստամյանը նաև կարևոր է համարում, որ Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակիցներն են սկսել ճանաչել Ցեղասպանությունը և ընդունել նաև իրենց մեղքը․ - «Ճանաչողը Գերմանիան է, դրան նախորդել էր նաև Ավստրիայի ճանաչումը: Երկուսն էլ եղել են զինակիցը, գործընկերն են եղել, դաշնակիցն են եղել Օսմանյան կայսրության: Իրենք իրենց բաժին մեղքը ճանաչելով՝ նաև ուղղություն են տալիս, որ մյուս՝ ավելի գլխավոր մեղավորը, որ ինքն է հիմնականում կատարողը եղել Ցեղասպանության, պետք է, բնականաբար, ճանաչի: Եվ մի երկիր է ճանաչում, որ ունի հսկայական արխիվ այդ իրադարձությունների հետ կապված»:

Նրա խոսքով, այս բանաձևի ընդունումը կարող է բեկումնային դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում․ - «Սա բեկում է մտցնելու անպայման: Նոր ընկալումով է ամեն ինչ գնահատվելու: Սա, կարծում եմ, շրջադարձային կետ է Ցեղասպանության ճանաչման գործընթացում»:

XS
SM
MD
LG