Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի անդամ


Մայիսի 30-ից հունիսի 1-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացել են Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար։ Երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով ընտրվել է Հայաստանը՝ ստանալով Կոնվենցիայի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ մյուս խմբերից ընտրվել են Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը և Լիբանանը։

Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային վեց խմբերից: Կոմիտեի անդամն անմիջապես վերընտրվելու հնարավորություն չունի: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Գլխավոր ասամբլեան, որի նստաշրջանը գումարվում է երկու տարին մեկ, ի թիվս այլ գործառույթների, ընտրում է 12 նոր անդամների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG