Մատչելիության հղումներ

Իշխող ՀՀԿ-ի ղեկավար ներկայացուցիչները արձագանքում են Սամվել Բաբայանի հարցազրույցին


ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Ամենալավ գործն էլ քննադատներ է ունենում», - արձագանքելով ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քննադատությանը, թե սեփական ժողովրդին չի կարելի խաբել, և Ղարաբաղում կորցված դիրքերը ռազմավարական նշանակություն ունեին՝ ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

«Այսօր նպատակները այնպիսին են, որ ամենալավ գործն էլ քննադատներ ա ունենում, ամենավատ գործն էլ քննադատներ ա ունենում: Քաղաքացի է Ղարաբաղի կամ Հայաստանի Հանրապետության, ինքն էլ իր տեսակետն է ասում: Էնպես որ, ամեն տեսակետներ կշռել, վերլուծել, դրանից ինչ-որ բան գտնել, կարծում եմ, ճիշտ չի։ Մարդը, եթե ցանկություն ունի մի բան անելու համար, ոչ թե կիսում է տեսակետներ, այլ գնում է այն ճանապարհով, որպեսզի կարողանա կատարել իր ցանկությունները», - ասաց Սահակյանը:

Երեկ ծավալուն հարցազրույցում գեներալ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի գրաված դիրքերը երկակի ռազմավարական կետեր էին. նախ ապահովում էին շրջակա գյուղերի անվտանգությունը, ապա դրանց շնորհիվ հայկական կողմի բռի մեջ էր ամբողջ հարթավայրը։

Ի պատասխան Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի քննադատությանը, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Սամվել Բաբայան քաղաքական գործչի չի ճանաչում․ - «Անկեղծ ասած, ես չեմ ուսումնասիրել նրա ելույթները, բայց Ղարաբաղի նախկին Պաշտպանության նախարարին ես տեսել եմ և տեսնում եմ միայն որպես ռազմական գործիչ, և այդպիսի քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում»:

Բաղդասարյանը, այնուամենայնիվ, հավելեց, որ Սամվել Բաբայանը ապրիլին կարող էր օգտակար լինել Ղարաբաղի պաշտպանությանը․ - «Ավելի լավ կլիներ, որ քառօրյա պատերազմի ժամանակ ինքը տեղում լիներ և այդ թերությունները ինքը խորհուրդ տար, թե ինչպես վերացնել»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բաբայանի քննադատությանն արձագանքելու փոխարեն պարզապես հիշեցրեց, որ ողջունել է նրա վերադարձը Հայաստան, և հավելեց․ - «Իր կարծիքին հարգանքով եմ վերաբերվում: Այսօր չեմ պատրաստվում հեռակա բանավեճի մեջ մտնել Արցախի հերոսի հետ»:

Քառօրյա պատերազմից հետո իշխանությունների՝ վերլուծություններ ու հետևություններ անելու խոստումներից հետո այս շաբաթ առաջին անգամ ձերբակալվեցին բարձրաստիճան զինվորականներ։

Հանրապետական պաշտոնյաներին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ միայն արյունալի բախումներից հետո բացահայտվեցին զինված ուժերում հնարավոր կոռուպցիոն սխեմաներ, չարաշահումներ։

Վահրամ Բաղդասարյանը բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները կապեց փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի հետ, որում նախագահն անդրադարձել էր հարցերի լայն շրջանակի՝ դատարանների անկախությունից մինչև կոռուպցիայի դեմ պայքար․ - «Դա փետրվարի 12-ի ելույթի շարունակությունն էր: Եվ, բնականաբար, քառօրյա պատերազմի ժամանակ ավելի զգոն եղան, և այդ ուսումնասիրությունները դեռ պետք է շարունակվեն և կատարվեն ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլ ընդհանրապես բոլոր ոլորտներում: Եվ եթե կան քրեորեն պատժելի գործողություններ, պետք է պատժվեն: Ինձ թվում է, որ արդեն իսկ պետք է շատ հետևողական լինենք, և շարունակական պետք է լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG