Մատչելիության հղումներ

Թալիշցիներն առաջարկում են առաջնագծից հեռու նոր Թալիշ համայնք հիմնել


Քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշից տեղահանված բնակիչները հայտարարում են՝ գյուղ կվերադառնան միայն Ղարաբաղի իշխանությունների հետ: Մանկահասակ երեխայի հետ Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ապաստանած Մարինե Սահակյանն ասում է՝ պատրաստ է անգամ իր տունը տալ պաշտոնյաների ընտանիքին:

«Մի քանի օր առաջ նախագահն եկել էր, հետը մի հատ մարդ կար, ասաց թե՝ բա թողել եք, փախել եք, գնացեք ապրեք Թալիշում: Ես էլ շատ կուլտուրական ասի՝ դե որ ըտենցա, լավ ավտոներ ունեք, մեր հետ եկեք էնտեղ ապրեք, անպայման ձեր ընտանիքներով, մենք մեր տները ձեզ կտանք, կգնանք գոմերում կապրենք», - «Ազատության»-ը պատմեց Սահակյանը:

Թեև հայաստանյան ու ղարաբաղյան պաշտոնյաներից շատերը պնդում են, որ քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը ռազմավարական կամ մարտավարական տարածքներ չի կորցրել, ԼՂ կառավարությունը տեղահանված թալիշցիների համար նոր բնակավայրեր է կառուցում Ալաշանում, Շուշիում և ԼՂ այլ համայնքներում, միևնույն ժամանակ պնդելով, թե կացարանները ժամանակավոր են, Թալիշ վերադառնալն առաջնահերթություն է:

Առաջիկա օրերին Ալաշանում կացարանը պատրաստ կլինի, սակայն մանկահասակ երկու երեխաների մայր, զինվորականի կին Արմենուհի Բայունցը պնդում է՝ Ալաշանում ապրելու համար անհրաժեշտ պայմաններ չկան:

«Մանկապարտեզ չկա, դպրոց չկա, հիվանդանոց չկա, խանութ չկա: Ո՞նց ապրենք էնտեղ: 4-7 տարեկան երեխեքը ո՞նց ապրեն էնտեղ, Կառավարությունն իրենց երեխաներին էդ պայմաններում կպահի՞», - հարցնում է նա:

25-ամյա Աշխենը, քրոջ և մոր հետ, մոտ մեկ ամիս է՝ բնակվում է Ստեփանակերտի հանրակացարաններից մեկում: Մայրաքաղաքում արդեն աշխատանք են գտել, Ալաշան տեղափոխվելու՝ Կառավարության առաջարկը նրանք ևս ընդունել չեն պատրաստվում:

«Ես լսել եմ, որ դա մի ամայի տեղա: Երևի մենք չտեղափոխվենք: Արդեն աշխատում եմ, ի՞նչ կարիք կա գնանք ընենց տեղ, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ էլ», - ասում է Աշխենը:

Ալաշանում ժամանակավոր ապրելուն դեմ չէ Անահիտ Մանուկյանը: 16 հոգանոց ընտանիքի ավագ անդամն ասում է՝ 7 մանկահասակ երեխաների, այդ թվում 2 ամսական մանուկի հետ ապրելու այլ վայր չունեն: Կինը, սակայն, մտավախություն ունի, որ Ալաշանը ժամանակավոր բնակավայր չի լինելու, ինչպես խոստանում են Ղարաբաղի իշխանությունները:

«Ստեղ արդեն լսում ենք, որ մեզ խաբում են՝ տանում են Ալաշան թողեն, Չարենցավանից, Հրազդանից, տարբեր տեղերից բերեն՝ տանեն Կիլիկիա: Մենք արդեն մեր հավատը կորցրել ենք, չենք էլ հավատում, չգիտենք ում հավատանք», - ասում է Մանուկյանը:

Թալիշցիները իշխանություններից անկեղծություն են ակնկալում և առաջարկում տեղահանված բոլոր ընտանիքների համար առաջնագծից հեռու հիմնել նոր Թալիշ համայնք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG