Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին խոստանում է իշխանությունից հեռու պահել Սաակաշվիլիի թիմին


Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խոստացել է ամեն ինչ անել, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը՝ «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները, կրկին չտիրանան իշխանական ղեկին: Իվանիշվիլին զգուշացրել է, որ հանուն այդ նպատակի պատրաստ է ամբողջությամբ կիրառել իր ռեսուրսները:

«Ես շատ ուժեղ նյարդայնացնում եմ Սաակաշվիլիի թիմին, քանի որ նրանց համար հանդիսանում եմ լուրջ փորձություն՝ իշխանությունը վերադարձնելու պայքարում: Ես անպայման կօգտագործեմ ամբողջ ռեսուրսը, որպեսզի նրանք չկարողանան ժամանակը հետ պտտել և որպեսզի նրանք չկարողանան երկիրը վերածել սադիստական փորձարկումների լաբորատորիայի»,- իր բաց նամակում գրել է Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլին նաև նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նախընտրության մասին: «Մենք ամեն ինչ անելու ենք առանց Վրաստանի հետաքրքրությունները զիջելու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ի հավելումն, մենք խորացնելու ենք կապերը կարևոր բարեկամ և գործընկեր-երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի հետ», - նշել է Իվանիշվիլին:

Իվանիշվիլին նախատեսում է այցելել շրջաններ, հանդես գալ հեռուստատեսությամբ:

«2012-ին մենք հաղթեցինք` իշխանությունից հեռացնելով մարդկանց այն խմբին, որը տարիներ շարունակ ցանկանում էր վերացնել դարերով ձևավորված վրացական ֆենոմենը: Համոզված եմ, որ այս անգամ էլ հաջողությունը կուղեկցի մեզ», - իր նամակում գրել է Իվանիշվիլին՝ պնդելով, թե առաջիկա ընտրությունների հետ կապված «անձնական ծրագրեր և նպատակներ չունի»:

«Ազգային միացյալ շարժումը» վրացական կառավարության ղեկին է եղել 10 տարի:

2012 թվականի խորհրդարանի ընտրություններից հետո իշխանությունը ստանձնեց Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքը:

Իվանիշվիլին հրաժարական տալու վերաբերյալ իր հայտարարությունը 2013 թվականին ևս հրապարակել էր բաց նամակի միջոցով: 3 տարի առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կվերադառնա քաղաքականություն, թեև իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական չէր համարել:

Քաղաքական մեկնաբանները ներկայիս կառավարության ստվերային ղեկավար են համարում Իվանիշվիլիին:

Վրաստանի կրթության նախկին նախարար, քաղաքագետ և փիլիսոփա Գիա Նոդիան «Գրուզիա օնլայն» կայքի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին նախատեսված ընտրությունների հիմնական մրցակիցներն են «Վրացական երազանքը» և «Ազգային միացյալ շարժումը», երրորդ ուժի հավակնություններ է դրսևորում «Պետություն՝ ժողովրդի համար» կուսակցությունը: Ըստ Նոդիայի, եթե ընտրությունները «շատ թե քիչ արդար լինեն, եթե չլինի անկանխատեսելի մի բան, ինչպես եղավ 2012-ին, ապա «Վրացական երազանքը» չի կարող հաղթել ընտրություններում և ստանալ 50 տոկոս+1 քվե»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG