Մատչելիության հղումներ

Հայ քանդակագործը նվեր է պատրաստում Հռոմի պապի համար


Հունիսի 24-26-ը տեղի կունենա Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո:

Ֆրանսիսկոս պապը երկրորդն է Հռոմի պապերից, որը Հայաստան է այցելում․ առաջինը Հովհաննես Պողոս Երկրորդն էր, ով Հայաստան այցելեց 2001 թվականին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով:

Այն ժամանակ հենց Երևանի օդանավակայանում հայ ժողովրդին հղած խոսքում Հովհաննես Պողոս Երկրորդը դատապատեց Հայոց ցեղասպանությունը՝ գործածելով Մեծ եղեռն հայերեն արտահայտչաձևը: Իսկ Ֆրանցիսկոս պապը անցյալ տարի Վատիկանում պատարագ մատուցեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի և ի լուր ամբողջ աշխարհի դատապարտեց Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը:

Ֆրանցիսկոս պապի այցի կապակցությամբ մեր անվանի քանդակագործներից Ֆերդինանդ Առաքելյանը վճռել է որպես երախտիքի տուրք ողջ հայ ժողովրդի անունից խորհրդանշական հուշաքանդակ նվիրել Հռոմի պապին: Այն կոչվում է «Լռության րոպե»․ - «Արդեն երկու ամիս է աշխատում եմ մի աշխատության վրա, որը գորելյեֆ է, որը նվիրում եմ իր առաքելությունը: Ամբողջ իմաստը այդ գործի մեկ րոպե լռությունն է»:

Իր աշխատանքում Առաքելյանը ներառել է աշխարհի բոլոր հիմնական կրոնների ներկայացուցիչներին․ ավելի քան 200 քանդակ կա չորս մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ իր ստեղծագործության մեջ: Կան նաև մահմեդականության ներկայացուցիչներ․ - «Թույլ տվեք ասել, որ ես համաձայն չեմ, թե մուսուլմանական աշխարհը վայրենի են: Ոչ: Մի մոռացեք, որ «Ժաննա դ՛Արկ» նավին, մուսալեռցիներին ընդունեցին առաջինը արաբները»:

Հանդիպմանը ներկա գրականագետ, գրաքննադատ Ազատ Եղիազարյանը առայժմ միակ մարդն է, որ տեսել է Ֆերդինանդ Առաքելյանի այս աշխատանքը: Եղիազարյանի խոսքով՝ այս ստեղծագործությունը «հումանիզմ է ճառագում և շատ լավ էներգիա ունի»․ - «Բոլոր կրոնական գլխավոր ուղղությունները ներկայացնել ընդհանուր մի ձգտման մեջ՝ մարդկայնության, զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի»:

«Ես կենտրոնում դրել եմ կենաց ծառը, որ մենք շարունակում ենք ապրել, շարունակում ենք ծաղկել ծառի նման: Եվ աշխարհը եկել է այդ ծառի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգում է ոչ թե միայն Հայոց ցեղասպանության, այլ աշխարհի ցեղասպանությունների զոհերի հիշատակը», - մանրամասնեց Ֆերդինանդ Առաքելյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք անձամբ ինքն է պատրաստվում նվիրել այս աշխատանքը Հռոմի պապին, Առաքելյանը պատասխանեց․ - «Ես կուզենայի, որ նախագահը տա․ պետության նախագահը տա պետության նախագահին․․․ Եթե նախագահը չի տա, անպայման մենք կդնենք ցուցասրահում, թող նայի: Միակ բանը ինձ շոյող, որ զգա, որ հայ ժողովուրդը դարերից եկած երախտապարտ ժողովուրդ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG