Մատչելիության հղումներ

Արտաշավանի դպրոցում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին


Քյարամ Սլոյանի արխիվային լուսանկարը
Քյարամ Սլոյանի արխիվային լուսանկարը

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն այսօր անվանակոչվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով: Դասասենյակում բացվեց նաև զինվորի կիսանդրին:

Արարողությանը մասնակցում էին զինվորի հայրն ու մայրը, նրանք հուզված համբուրում էին արձանը:

«Էսօր ինչ-որ մի բան թեթևցավ իմ վրեն: Հեսա կեթամ տուն՝ էնքան չեմ նեղվի, որ էսօրվա էսքան բանը տեսա՝ ինչ-որ մի կողմս թեթևցավ: Անպայման ես օրեկան էլ կգամ, թազա ծաղիկներ կբերեմ, կգամ էրեխուս տենամ՝ էթամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քյարամի հայրը՝ Քյալաշը:

Մարտակերտում ապրիլի սկզբին զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել էին, քանի որ, ինչպես ծնողներն էին պատմել, որդու անդամահատված գլուխն իրենց ավելի ուշ էին փոխանցել: Հարազատների փոխանցմամբ, Քյարամը մինչև վերջ կռվել է հակառակորդի դեմ անգամ այն բանից հետո, երբ փամփուշտները վերջացել են՝ մենակ չթողնելով հրամանատարին:

Քսանամյա զինվորի մեծարմանն այսօր ներկա գտնվող մայրն արցունքն աչքերին ասում էր, թե ցավը մեծ է, բայց որդին արդեն անմահ է․ - «Ցավա, բայց ես հպարտ եմ իմ էրեխու համար, որ էս ձևի անուն ունի, հերոսա: Ուրախ եմ: Ցավը մնումա ցավ, ինչ ուզում ես արա, բայց էլի՝ սրտի հովանքա»:

Նշենք, որ մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը Քյարամ Սլոյանին հետմահու պարգևատրեց առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով: Հայրը, ով անձամբ է ստացել որդու պարգևը, ոգևորված էր, ասում է՝ շնորհակալ է հայ ժողովրդին, որ Քյարամի մահից հետո մինչև վերջ մնացին իրենց կողքին:

«Գնացի խրամատի մեջ, որտեղ որ էրեխուն սպաներ ին՝ գլխարկն էր դրված, մեկ էլ ծաղիկ էր դրած: Իրա շորերն, գթալն, ամանը, վեշավոն՝ սաղ բերեր եմ», - պատմեց Քյալաշ Սլոյանը:

Քյարամի ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում էր ապրում, հենց այդ պատճառով էր, որ զինվորի հոգեհանգիստը անցկացնում էին հորեղբոր տանը: Ապրիլի սկզբին, երբ այցելել էինք Սլոյանների տուն, եղբայրը՝ Համիկը, պատմում էր, թե՝ Քյարամի երազանքն էր տունը սարքել, խոստացել էր վերադառնալուն պես աշխատանք գտնել, գումար վաստակել ու խոնավ տնակից ընտանիքին դուրս բերել: Այսօր արդեն մոտ երկու ամիս անց տարբեր բարերարների օգնությամբ նախկին տնակի տեղում քարե տունն է կանգնած: Համիկը, ցույց տալով սենյակները, ասում է՝ եղբոր երազանքն իրականություն դարձավ:

«Ստեղ ըլելույա ախպորս սենյակը՝ իրա նկարներով, ամեն ինչով, իրա մեդալներով: Մի խոսքով՝ իրաննա ըլնելու: Ամեն առավոտ հելնելու եմ խոնարհվեմ ախպորս նկարի առաջ, նոր անցնեմ իմ գործին», - ասում էր նա՝ շարունակելով․ - «Սաղից էլ շատ գոհ ու շնորհակալ ենք, թե՛ հայ, թե՛ եզդի ժողովրդի, թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստանից դուրս: Սաղ էլ կողքներս կանգնեցին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG