Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»․ Նոր ԸՕ-ն մեծ տեղ է թողել կեղծիքներով իշխանությունը պահելու համար


«Ոչ միայն կոնսենսուսը չկա, այլև հետքայլը կա», - ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության և հասարակական դաշտի հետ համախոհության», - հայտարարում է «Ժառանգություն» կուսակցությունը՝ պնդելով, որ փաստաթուղթը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ վստահությունը, այլև հակառակը՝ ավելի նվազեցրել է, մեծ տեղ թողել կեղծիքներով իշխանությունը պահելու համար:

«Ոչ միայն կոնսենսուսը չկա, այլև հետքայլը կա և ակնհայտությունը կա, որ իշխանությունները նույնիսկ այս պատերազմական օրերի ընթացքում ըստ էության որևէ կերպ չփոխեցին իրենց մտածողությունը, այլ հակառակը՝ առավել խորն է դարձել իրենց՝ ընտրակեղծարարություն անելու ցանկությունը», - ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ փաստարկելով․ - «Որովհետև որքան վիճակը վատանում է, բնականաբար, այնքան իրենք ավելի քիչ ձայն են ունենում»:

Նա հիշեցրեց, որ «Ժառանգություն»-ն անգամ չմիացավ «4+4+4» ձևաչափին՝ այս իշխանություններից որևէ ակնկալիք չունենալով, թեև ամբողջությամբ սատարում էին հինգ պահանջները, որոնք, ըստ էության, թղթի վրա էլ մնացին:

Ուստի կուսակցությունն առավել ևս չի հավատում իշխանություններին, թե օրենքն ուժի մեջ մտնելուց՝ հունիսի 1-ից հետո էլ են հնարավոր փոփոխություններ․ - «Իշխանությունը շատ բան է ասում, իշխանությունը տարիներ շարունակ այդ դուռը անընդհատ բաց է պահում, բայց, պարզվում է, այդտեղ դուռ չկա, այլ գրանիտե մի ապառաժ է դրված: Եթե մտքներին լիներ ինչ-որ բան անելու, առանց մեզ ասելու, այդ առաջարկների տեղը իրենք շատ լավ գիտեն: Հունիսի 1-ից հետո ի՞նչ է փոխվելու․․․ Հասկանում եմ, Մանուկների պաշտպանության օրն է, սիմվոլիկ օր է, բայց արդեն ոնց որ թե քաղաքական դաշտը մանուկ տարիքից անցել է, որ այլևս նմանատիպ խաղերով զբաղվի»:

Բանակցություններին մասնակցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս լավատես չեն, թե արդեն ընդունված օրենսգիրքը ձեռքի տակ ունենալով իշխանությունները կգնան զիջումների:

«Ինքնանպատակ չէ քննարկումներին մասնակցելը», - ասաց քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը: - «Եթե իշխանությունը ամենասկզբից ասում է, որ մեր պահանջները մերժելու է, էլ գնանք բանակցելու, որ ի՞նչ անենք»:

Իոաննիսյանը հարց է բարձրացնում՝ ընտրակեղծարարության դեմն առնելու ի՞նչ մեխանիզմ են ամրագրել այս փաստաթղթում․ - «Կամ պետք է ընդունեն մեր մեխանիզմները, որովհետև իշխանությունները, այնուամենայնիվ, ունեն ստանձնած միջազգային պարտավորություններ այն մասին, որ Ընտրական օրենսգիրքը ընդունելիս իրենք հաշվի են առնելու ընդդիմախոսների կարծիքը: Իրենք անտեսել են այդ: Հակառակը՝ իրենք Ընտրական օրենսգրքով ռեգրես են արձանագրել: Ավելին՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) համատեղ կարծիքը նաև իրենք հաշվի չեն առել հիմնականում»:

Իշխող Հանրապետականը, մինչդեռ, հայտարարում է, թե օրենսգիրքը լայն կոնսոլիդացիայի պայմաններում է ընդունվել: Էդուարդ Շարմազանովը մատնացույց է անում քվեարկության պատկերը․ - «Երբ որ սկսել էինք քննարկել Ընտրական օրենսգիրքը, եթե որևէ մեկը ասեր՝ 102 ձայնը բավարա՞ր է կոնսոլիդացիայի համար, կարծում եմ, նույնիսկ ամենախիստ քննադատները կասեին, որ ոչ միայն բավարար է, այլ գերբավարար է»:

Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է․ - «Նույնիսկ եթե լուսատախտակը ցույց տար 131 կողմ, միևնույն է ակնհայտ է, որ դա համախոհության սկզբունքով չէ, որ ընդունվել է»:

«Կոնսենսուսը պետք է լիներ ընդդիմախոսների հետ: Ցույց տվեք ինձ մի ընդդիմախոս կազմակերպություն՝ լինի դա կուսակցություն թե հասարակական կազմակերպություն, ում հետ իշխանությունը եկել է կոնսենսուսի», - հավելեց Դանիել Իոաննիսյանը:

Ընդդիմադիր մի շարք ուժեր ու հասարակական կազմակերպություններ պահանջում էին քվեարկությունից հետո հրապարակել մասնակիցների անունները, թանաքոտել ընտրողների մատները, հրաժարվել վարկանիշային և տարածքային ցուցակներից, հարևան Վրաստանի օրինակով մաքրել ցուցակները՝ առանձնացնելով երկրից բացակայողների անունները, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրել տեղամասերում: Արդեն ընդունված տարբերակում այս դրույթները տեղ չեն գտել:

XS
SM
MD
LG