Մատչելիության հղումներ

ԹԻ․ Բյուջեի միջոցները շարունակվում են մսխվել


«Այս իրավիճակում խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, առնվազն անլուրջ է», - այսօր հայտարարեցին կազմակերպության ներկայացուցիչները։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) նման եզրակացության հանգել է ուսումնասիրելով ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարվա ընթացքում իրականացված պետական գնումները:

Վերջերս իշխանությունները հայտարարեցին, թե նոր պայքար են սկսելու մենաշնորհների, կոռուպցիոն երևույթների դեմ, իսկ երեկ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե կառավարությունը պետք է ապահովի գնումների թափանցիկությունը։

Մինչդեռ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի ուսումնասիրությունները այլ բան են վկայում:

Հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ պայքարի մասին խոսելու փոխարեն կառավարությունը պետք է նախևառաջ գտնի կոռուպցիոն գործարքների հետևում թաքնված պաշտոնյաներին․ - «Իրական տերերին գտնելը: Մենք դեռ այդ բազան չունենք Հայաստանում: Որոշ երկրներում, առաջատարներն են Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, հիմա այդ օրենսդրությունը փորձում են ներդնել Ուկրաինայում․․․ այդ երկրներում սա դարձել է շատ կարևոր մի ուղղություն, և ցանկալի կլինի, որ նաև մեր մոտ լինի»:

Արտակ Մանուկյանի ներկայացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական գնումներն ու ծառայությունները գրեթե միշտ կատարվում են նույն ընկերություններից, որոնք, տարբեր տվյալներով, առնչություն ունեն իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձանց հետ․ - «Ասեմ ովքեր են հիմնական հաղթողները՝ «Ֆլեշ մեդ», «Տելիա մեդ», «Նատալի ֆարմ», CPS, Ucom: Շրջանակային համաձայների կեսը էս հինգ ֆիրման ա տնօրինում»:

Փորձագետի համար անհայտ է մնացել, թե Ազգային անվտանգության ծառայությունն ինչու է մեկ ամսվա համար գնել 17 տոննա շաքարավազ, 4.5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կիլոգրամ դափնետերև։ Մասնագետների համար առնվազն կասկածելի այս ցանկը շարունակվում է։

Մյուս օրինակը Ֆինանսների նախարարությանն է առնչվում․ այս կառույցը հարկատուների հաշվին անցած դեկտեմբերին 30 հատ՝ յուրաքանչյուրը մոտ 400.000 դրամով, պլանշետ է գնել։ Բացի այս, 2012 թվականից սկսած Ֆինանսների նախարարությունը իշխող Հանրապետականի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից տարեկան 78 միլիոն դրամով տարածք է վարձակալում։ «Վարչապետի հորդորները թափանցիկ աշխատելու մասին միայն խոստումներ են», - պնդում են կենտրոնի մասնագետները։

«Խոսել էլեկտրոնային գնումների մասին, անլուրջ է։ Կա՞ ինչ-որ մեծ հաշվով փոփոխություն․ քանի տարի է, մեզ կերակրում են, ասում են՝ էլեկտրոնային գնումներ․․․ Էս ա էլեկտրոնային գնումների վիճակը», - հավելեց Արտակ Մանուկյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները պնդում են, թե պետական միջոցների ծախսերը հիմնականում անարդյունավետ են, և այն ընկերությունները, որոնցից գնում են կատարում պետական կառույցները, տարատեսակ ապրանքներ են մատակարարում՝ մի ընկերությունը կարող է լվացքի փոշուց մինչև գրասենյակային գույքի մատակարարման ծառայություն մատուցել:

XS
SM
MD
LG