Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովա. «Ցանկանում եմ զբաղվել պանամական օֆշորների ուսումնասիրությամբ»


Խադիջա Իսմայիլովան կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո: 25-ը մայիսի, 2016 թ․
Խադիջա Իսմայիլովան կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո: 25-ը մայիսի, 2016 թ․

Բանտում մեկուկես տարի անցկացնելու հետո էլ Խադիջա Իսմայիլովան հայտարարում է, թե չի հրաժարվելու իր հիմնական առաքելությունից` լրագրողական հետաքննություններ անցկացնելուց:

«Նույնիսկ Ադրբեջանի նման ռեպրեսիվ երկրում լրագրությամբ զբաղվելու համար հատուկ արտոնագիր չի պահանջվում: Որևէ մեկը չի կարող ինձ արգելել լրագրությամբ զբաղվել, և [Գերագույն] դատարանի որոշման մեջ որևէ նման բան հիշատակված չէ: Բացի այդ, իմ հոդվածները լույս էին տեսնում նույնիսկ այն ժամանակ, երբ ես բանտում էի: Իշխանությունները պարզապես ի վիճակի չէին դա կանխել: Իսկ հիմա ես տանն եմ, ես ազատորեն կարող եմ օգտվել համացանցից․ արդյո՞ք որևէ մեկը կարող է ինձ զսպել», - երեկ երեկոյան կալանավայրից դուրս գալուց մի քանի ժամ անց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հացազրույցում հայտարարել է Իսմայիլովան:

Իսկ «Ազատության» վրացական ծառայության կազմում գործող «Էխո Կավկազա» խմբագրությանը տված հարցազրույցում Խադիջա Իսմայիլովան հստակորեն նշել է, թե որոնք են լինելու իր հաջորդ լրագրողական հետաքննությունների թեմաները` Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների տերերին վերաբերող վերջին բացահայտումները․ - «Երբ ինձ հնարավորություն ընձեռվի, ես շատ կուզենայի պանամական փաստաթղթերն ուսումնասիրել: Իմ նախորդ լրագրողական հետաքննությունների ընթացքում ես համագործակցում էի այժմ պանամական փաստաթղթերի [բացահայտմանը] մասնակցող Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրիության նախագծի (OCCRP) հետ, ուստի իմ ցանկությունն է նրանց հետ աշխատելը»:

Խադիջա Իսմայիլովան բանտից ազատ արձակվեց երեկ․ ադրբեջանական դատարանը 7.5 տարվա ազատազրկման պատժաժամկետը 3.5 տարվա պայմանական ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացրեց։ Արևմտյան լրագրողական կազմակերպություններն ու իրավապաշտպանները, ողջունելով լրագրողի ազատ արձակումը, միաժամանակ նրա լիակատար արդարացումն են պահանջում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Իսմայիլովայի շահերը ներկայացնող փաստաբան Ամալ Քլունին, օրինակ, անդրադառնալով լրագրողի ազատ արձակմանը, հայտարարել է․ - «Խադիջան տաղանդավոր լրագրող է, ով լուրջ ներդրում ունի իր երկրում կոռուպցիայի դեպքերի բացահայտման գործում: Նրա ազատ արձակումը հաղթանակ է այն բոլոր լրագրողների համար, ովքեր համարձակվում են ճշմարտությունն ասել իշխանություններին: Խադիջան արժանի է, որպեսզի հաստատվի նրա լիակատար անմեղությունը և նրան հնարավորություն տրվի ազատորեն, առանց կառավարության կողմից հետապնդումների ենթարկվելու, զբաղվել լրագրողական գործունեությամբ»:

Նյու-Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան չորեքշաբթի երեկոյան հրապարակած հայտարարության մեջ նշել է․ - «Դատարանի որոշումը թեև ողջունելի է, բայցևայնպես չի վերացնում այն անարդարությունը, որի հետևանքով Իսմայիլովան մեկուկես տարի անցկացրեց ճաղերի հետևում»:

Մեկ այլ հեիղնակավոր կառույցի`«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհաննես Բիռի կարծիքով, պաշտոնական Բաքուն, չարդարացնելով Իսմայիլովային, հստակ նպատակներ է հետապնդում․ - «Երեքուկես տարվա պայմանական պատժաչափը նպատակ ունի լռեցնել ի պաշտպանություն Իսմայիլովայի հնչող ձայները` միաժամանակ չընդունելով լրագրողի անմեղության փաստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG