Մատչելիության հղումներ

Նախագահի մրցանակը Փիթեր Բալաքյանին՝ Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը: Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը», - ասել է նախագահը։

Նախագահի այլ հրամանագրերով, նախագահի 2015 թվականի մրցանակ է շնորհվել՝ բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Պողոս Վարդևանյանին, Վալերի Առաքելյանին, Արմեն Կարապետյանին՝ «Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը. տեսություն և փորձ» գիտական հոդվածների շարքի համար, Գրիգորի Կարագուլյանին՝ «Օրթոգոնալ շարքերի զուգամիտության որոշ հարցեր» գիտական հոդվածների շարքի համար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սևան Դավթյանին և Անահիտ Տոնոյանին` «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար, բժշկագիտության բնագավառում` Արմեն Մինասյանին, Հրանտ Կալենտերյանին, Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին` «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արթուր Իշխանյանին, Տիգրան Շահվերդյանին և Տիգրան Իշխանյանին` «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շարքի համար, գրականության բնագավառում՝ Սուսաննա Հարությունյանին` «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Ալբերտ Խառատյանին՝ «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» աշխատության համար:

Նախագահի 2015 թվականի մրցանակներ չեն շնորհվել արվեստի բնագավառում:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ արվեստի բնագավառում՝ Նարեկ Բարսեղյանին՝ «Ինքնություն» գեղանկարների շարքի համար, Գայ Ղազանչյանին՝ «Պատերից դուրս» գեղանկարների շարքի համար, Սիմոն Պետրոսյանին՝ «Դիցաբանական վարկած» քանդակների շարքի համար, գրականության բնագավառում՝ Գրիգին (Գրիգոր Շաշիկյան)՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Քրիստինե Սաֆարյանին և Տիգրան Օհանյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Անի Փարսադանյանին (ջութակ), Գործիքային տրիոյին՝ Անահիտ Դիլբարյանին (դաշնամուր), Վիգեն Հարությունյանին (ֆագոտ), Ավետիք Ղազարյանին (կլառնետ):

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2016թթ.) 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG