Այսօր վաղ առավոտից դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Քաղցրաշեն և հարևան Այգեզարդ ու Այգեպատ գյուղերի խաղողագործները: Նրանք պահանջում են շուրջ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած՝ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը խոստացավ, որ մինչև վաղը երեկո պարտքը կմարվի:
Արդեն բազմաթիվ նման վերջնաժամկետների խոստումներ ստացած գյուղացիները, սակայն, չհավատացին այդ նոր խոստմանը: Նրանք նշեցին, որ կառավարության շենքի մոտից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց պահանջին անձամբ չի արձագանքել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցավ «Վինար» մթերող ընկերության տնօրենի որդին ՝ Դավիթ Գալստյանը: Նա ասաց, թե ամեն վարկյան սպասում են բանկից վերցրած վարկի վերջնական ձևակերպմանը, ինչից հետո կփակեն շուրջ 50 մլն դրամի պարտք: Իսկ մնացած 60 մլն դրամ պարտքը, ըստ Գալստյանի, կփորձեն վճարել մինչև ընթացիկ մայիսի վերջը:
Ցուցարարներին մոտեցավ և համանման հավաստիացումներ արեց նաև Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ որպես պարտքի վճարման վերջնաժամկետ նշելով առաջիկա չորեքշաբթին: Զայրացած գյուղացիները, սակայն, չհավատացին այդ հավաստիացումներին և շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ բողոքի ցույցն այնտեղ շարունակելու համար:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գյուղացիներից մի քանիսին ընդունեցին և խոստացան, որ մեկ ժամից կպատասխանեն ցուցարարների պահանջներին: Մեկ ժամ անց, սակայն, նրանց ընդամենը ասացին՝ սպասեք մինչև չորեքշաբթի: Դրանից հետո խաղողագործները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: