Ադրբեջանում պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Այդ մասին հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը:
Իսմայիլովան հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններով: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նրան դատապարտեց 7.5 տարվա ազատազրկման՝ լրագրողին մեղավոր ճանաչելով հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու, իշխանությունը չարաշահելու, զրպարտության մեջ:
Լրագրողը կալանավորվել էր 2014-ի դեկտեմբերին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագրի գնահատմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը «քաղաքականության և ոչ թե օրենքի դրսևորում է»: «Պաշտոնյաները պարզապես որոշեցին լռեցնել նրան ամեն գնով», - պնդել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը։
ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ևս դատապարտել են Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը:
«Իսմայիլովայի դեմ մեղադրանքները և դատավարությունը ահազանգ են, որ պաշտոնյաները շարունակում են լռեցնել Ադրբեջանի քննադատական ձայնը: Ես կրկնում եմ իմ կոչը Ադրբեջանի կառավարությանը՝ դադարեցնել թիրախավորել լրագրողներին», - ասել է Միյատովիչը:
«Խադիջա Իսմայիլովան վճարում է իր խիզախ աշխատանքի համար, որպես հետաքննող լրագրող, մի երկրում, որտեղ քննադատական խոսքի համար խոչընդոտներ են ստեղծվում մեկը մյուսի հետևից: Այս դատավճիռը նոր հարված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին, ժողովրդավարության ձգտումների և Ադրբեջանում օրենքի գերակայությանը», - գնահատել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։
Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք այլ միջազգային կառույցներ ևս, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը: Amnesty International-ը արշավ է սկսել՝ ի պաշտպանություն հետաքննող լրագրողի․ կազմակերպությունը միջազգային լրատվամիջոցներին կոչ է արել Բաքվում կայանալիք «Ֆորմուլա-1» մրցաշարի լուսաբանումը օգտագործել Իսմայիլովայի դատական գործի մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու համար: