Հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Դիանա Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ, ահազանգողները Երևանի թիվ 14, 51, 82 և 174 հիմնական ու թիվ 29 ավագ դպրոցների ծնողներն են, բայց՝ բոլորն անանուն:
«Ծնողները պնդում էին, որ զուտ ավարտական դասարան լինելու փաստով որոշակի գումար ամեն ավարտական դասարանից, այն է՝ 4-րդ, 9-րդ և 12-րդ․․․ գումար է հավաքվում՝ ուղղակի տնօրենին տալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր-Ստեփանյանը:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ ինքը բազմիցս է ծնողներին կոչ արել նվազեցնել ծախսերը: Ըստ նախարարի, դրամահավաքը դպրոցից դուրս է, և հատկապես ծնողներն են դրա նախաձեռնողները:
Դիտարկմանը, թե հակակոռուպցիոն կենտրոնն ահազանգել է հենց տնօրեններին գումար հատկացնելու մասին, նախարարն արձագանքեց՝ կպարզեն ու կպատժեն․ - «Ստուգում ենք անում, հրավիրում ենք դպրոցի տնօրեններին, և եթե փաստերը կհաստատվեն․․․ Խնդիրը հետևյալն է, որ դրամահավաքը կատարվում է ծնողների միջոցով, մենք դպրոցների ներսում դրամահավաքի որևէ գործընթաց չունենք: Մենք հիմա ուղղակի պիտի դիմենք տնօրեններին և ստուգենք, որպեսզի նաև, եթե գումարներ հավաքվել են ծնողների կողմից, տեսնենք ինչի վրա են այդ գումարները ծախսվում»:
Մինչ նախարարությունը կպարզի, թե անանուն զանգերն ի՞նչ հիմքով են արվել, աշակերտները չեն թաքցնում, որ ավարտական առարկաները դպրոցի ուսուցիչների մոտ են պարապում, մյուսներն էլ ավարտական խնջույքի համար արդեն թանկարժեք ռեստորանների անուններ են տալիս: «Ազատության» հետ զրույցում ասացին՝ 12-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտ 70-75 հազար դրամ է վճարում:
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը զարմանում է՝ 70-75 հազար դրամ արդյո՞ք բոլոր ծնողները կարող են վճարել: Հիշում է, որ երբ ինքն էր տնօրեն, որևէ ծնող չի էլ համարձակվել դրամահավաք նախաձեռնել: Բախշյանը վստահ է, որ եթե տնօրենն արգելի, դրանք կբացառվեն․ - «Սա կոռուպցիա է․ երբ տնօրենին պիտի փող տան, երբ պիտի սեղան գցեն քննությունների ժամանակ: Խնդիրը կոռուպցիոն երևույթների մասին է, որ պիտի տան տնօրենին, որ թվանշան ստանան»:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցչի խոսքով, եթե նախարարությունը կարողանա ապացուցել բողոքի փաստերը, ապա սա կարող է դիտարկվել որպես ապօրինի վարձատրություն, ինչը քրեորեն պատժել արարք է:
Նա հիշեցրեց, որ կաշառքն ու կոռուպցիան միայն առձեռն գումար տալը չէ․ - «Բարեհաճ վերաբերմունք ստանալ դասղեկի, տնօրենի կողմից, ինչ-ինչ նվերներ պարտադրել երեխաներին առնելը՝ դա ևս կոռուպցիա է: Կոռուպցիա է այն, որ մարդիկ վախենում են դրա մասին խոսել»: