Մատչելիության հղումներ

Հայ ուսանողները մասնակցել են «Պատանիների տարածություն» միջազգային թատերական փառատոնին


Սոչիում անցկացված անկախ թատրոնների այս փառատոնին, ի թիվս տասնհինգ երկրների երիտասարդական թատերախմբերի, Լյուդմիլա Ռազումովսկայայի «Դեպի տուն» պիեսի բեմադրությամբ մասնակցել է նաև Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնը:

Բեմադրության ռեժիսոր Կարո Բալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երիտասարդները շատ ոգևորված են վերադարձել Սոչիից․ - «Կարծում եմ, որ այդ 4-5 օրը, որ իրենք անցկացրեցին միջազգային ասպարեզում, շատ բան իրենց տվեց ռեալ շփման առումով: Ավելի լավ էր մի անգամ տեսնել, թե ինչ է կատարվում միջազգային շուկայում, քան 4 տարի շարունակ լսել, թե դուրսը էսպես են անում»:

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ում ուսանողներն են թատերախմբի անդամները, «Ազատության»-ը ասաց․ - «Որ Հայաստանը կղզիացած վիճակում է, դա փաստ է: Ամփոփված մեր մեջ, ապրում ենք, դրսի հետ շատ քիչ ենք շփվում, իսկ դա ազդում է նաև ստեղծագործական մտածողության, տարբեր ժանրերի մասին պատկերացման վրա․․․ Մեզ մոտ հիմնականում ռեալիստական թատրոնն է գործում, չնայած կան փորձեր նաև այլ ներկայացումներ անելու: Գոնե իմ ամբողջ ուղղվածությունը այն է, որ ես իսկապես ցուցադրեմ ուսանողների կարողությունները, ոչ թե իմ ռեժիսորական կարողությունները»:

Կարո Բալյանի համոզմամբ՝ կարևոր է, որ թատրոնը հետաքրքիր լինի՝ անկախ ժանրային պատկանելությունից․ - «Կարևոր չէ՝ աբսո՞ւրդ է, ռեալիստակա՞ն, թե՞ նատուրալիստական ․․․ Ներկայացումը պետք է հետաքրքրիր լինի»:

Անդրադառնալով ժամանակակից հայ թատերագրությանը՝ Բալյանն ասաց, որ բեմադրել է Հովհաննես Թեքգյոզյանի հեղինակած մի պիես ու աշխատում է Կարինե Խոդիկյանի պիեսը բեմադրելու ուղղությամբ:

Նիկոլայ Ծատուրյանը իրեն հատուկ անմիջականությամբ ասաց, որ այսօր գրվող պիեսներից «հազարից մեկն է» իրեն դուր գալիս․ - «Ամեն անգամ կարդալիս հիասթափվում եմ, ասում եմ՝ ինչի՞ եմ հայ ծնվել: Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, Սամվել Խալաթյան․․․ կան ինչ-որ մարդիկ, որոնք և՛լավ են գրում, և՛ վատ են գրում, բայց․․․ առկայծումներ կան: Մեզ մոտ ընդհանրապես ամեն ինչ առկայծումով է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG