Մատչելիության հղումներ

Պատգամավորի կարծիքով, դեղորայքը Հայաստանում թանկանալու է


Պատգամավոր Էդմոն Մարուքյանին նամակով դիմել են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեղատների տերերը՝ մտավախություն հայտնելով, թե «Դեղերի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մարզերում, բացի Հայաստանի ամենախոշոր «Նատալի ֆարմ» ընկերությունից, բոլորը դուրս կմղվեն շուկայից։

«Դեղերի մասին» նոր օրենքը Ազգային ժողովն ընդունել է անցած շաբաթ:

Գործարարները թերահավատությամբ են ընկալում օրենքի ջատագովների պնդումները, թե այս օրենքը ոչ միայն խստացնելու է պայմանները դեղերի շուկայում, այլ նաև կանոնակարգելու է գներն ու դեղերի ներկրման ու պահպանման պայմանները:

«Առաջին խնդիրը, որ բարձրացնում են մանրածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությունները, դա այն է, որ լիցենզիաների տարբերակում է մտցվում՝ ներմուծողների համար և մանրածախ վաճառքով զբաղվողների համար, ինչը նախկինում չի եղել: Ավելին՝ պայմաններն են բարդացվում, և ըստ էության այդ պայմանները կարող են բավարարել միայն նրանք, ովքեր մինչ այս պահը մոնոպոլ դիրքեր ունեն», - «Ազատության» հետ զրույցում Մարուքյանը՝ հավելելով, թե դաշտում խաղի կանոնները կփոխվեն միայն մանրածախ առևտրով զբաղվողների համար․ - «Ստացվում է, որ մանրածախ առևտրով զբաղվողին ասում ենք՝ դու ներմուծմամբ մի զբաղվիր, ներմուծմամբ զբաղվողը կզբաղվի, դու գնա, նրանից վերցրու և վերավաճառիր: Եվ վերավաճառելու արդյունքում կպարզվի, որ գները թելադրողը, գների վրա ազդեցություն ունեցողը շարունակելու են մնալ մոնոպոլ ընկերությունները»:

Առողջապահության նախարարն անցած շաբաթ Ազգային ժողովում հակառակը պնդեց՝ սսելով, թե օրենքը լրջորեն բարեփոխելու է դեղերի շուկան․ ներկրող ընկերությունները վաճառքով զբաղվելու իրավունք չեն ունենա, ինչը, ըստ նրա, գնային քաղաքականության իմաստով ավելի լայն հնարավորություններ կտա փոքր դեղատներին․ - «Մեծածախ ամբողջ գործընթացը, որը չէր լիցենզավորվում մինչև այս օրենքը, արդեն լիցենզավորվելու է: Եվ տարանջատվել է մեծածախ և մանրածախ ամբողջ գործընթացը»:

Վանաձորում դեղերի ներկրմամբ և վաճառքով զբաղվող փոքր ընկերություններից մեկի սեփականատեր Գառնիկ Սահակյանը, մինչդեռ, չի վստահում կառավարության ներկայացուցիչների պնդումներին։ Համոզված է, որ բոլոր խոշոր ներկրողները գործելու են գրանցված 2 անվանումներով. մեկը՝ որպես ներկրող, մյուսը՝ վաճառող ընկերություն․ - «Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի վրա կա առնվազն երևանյան խոշոր ներկրողների դեղատներից մի տասնհինգ հատ: Նրանք էդ դեղատները ի՞նչ են անելու: Դրանք իշխանությունների հովանավորչությունը վայելող դեղատներ են, ի՞նչ պետք է անեն, պիտի էդ ճյուղը կտրե՞ն, որի վրա իրենք նստած են»:

Պատգամավորը պնդում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դեղերի գներն է՛լ ավելի են աճելու Հայաստանում։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մինչդեռ, հակադարձում է, թե օրենքը լուրջ հնարավորություն է տալու պետությանը միջամտել ու կարգավորել դեղերի շուկան․ - «Կարծում եմ, որ դեղերի գները ոչ թե պետք է բարձրանան, այլ հակառակը, պետք է նվազեն՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Հայաստանում օրենքի ուժով ընդունվել է փաստացի, որ պետությունը խառնվելու է դեղերի շուկային: Այսինքն պետությունը կանոնավորման գործընթաց է սկսելու»:

Էդմոն Մարուքյանի արձագանքը․ - «Սպասենք մեկ-երկու ամիս ու կտեսնենք՝ սպառողների համա՞ր էր, թե՞ չէ: Ես վստահ եմ, որ գներն աճելու են: Իրենք պնդում են, որ ոչ, մի բան էլ հնարավոր է էժանանա: Սպասենք, տեսնենք էդ ինչի՞ հաշվին է էժանանալու»:

Անցած շաբաթ, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հարևան Վրաստանում Հայաստանի համեմատ դեղերը մի քանի անգամ էժան են, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց․ - «Վրաստանի Հանրապետությունում դեղերի ավելացված արժեքի հարկ չի գործում, Վրաստանում տրանսպորտային ուղիները անհամեմատ ավելի մատչելի են, մասնավորապես՝ ծովային ճանապարհով բերված դեղերը: Իսկ Հայաստանում հիմնականում ինքնաթիռով բերվող դեղերն են և Վրաստանի տարածքով մեքենայով բերվող դեղերը»:

«Ինչո՞ւ Վրաստանում ԱԱՀ-ն հանված է, իսկ Հայաստանում դեղերի վրա ԱԱՀ կա: Ի՞նչ ենք սրանով մենք ուզում ասել, ի՞նչ ուղերձ ենք տալիս: Այսինքն ասում ենք, որ մեր հասարակության էն մարդկանց հաշվին, ովքեր առողջության հետ կապված պրոբլեմներ ունեն, մենք բյուջե գումա՞ր ենք լցնում: Է, մենք էլ հանենք ԱԱՀ-ն, թող մեզ մոտ էլ էժան լինի․․․ Անգամ ԱԱՀ-ի գումարը հանած, էլի դեղերը համեմատությամբ ավելի էժան են Վրաստանում, քան Հայաստանում», - իր հերթին հակադարձեց Էդմոն Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG