Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի վարչապետը բանակցությունները շարունակելու կողմնակից է


Կորցրած դիրքերը հետ բերելու հարցում ավելի մեծ խնդիրը, շեշտում է Արայիկ Հարությունյանը, պատերազմի շարունակվելն էր:

«Ցանկացած բանակցություն, որը բերելու է կամ բերում է խաղաղության, իհարկե, մենք կարող ենք ասել, որ գոհ ենք, ողջունում ենք», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե գո՞հ է արդյոք Վիեննայում անցած շաբաթ կայացած բանակցությունների արդյունքներից:

«Եվ այսօր էլ գտնում եմ, որ պետք է շարունակել նման հանդիպումներ, իսկ հետո արդեն՝ բանակցություններ, որը կարող է ինչ-որ ձևով բերի հարցի հանգուցալուծմանը», - ասաց Հարությունյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հայկական կողմի կորցրած շուրջ 800 հեկտար տարածքների մասին, որոնք, ըստ նրա, ռազմավարական առումով այնքան էլ կարևոր չեն, Լեռնային Ղարաբաղի վարչապետը ասաց․ - «Նախ ուզում եմ նշել, որ տարածքը մնում է տարածք, այսօր մենք պետք չէ չափենք, ասենք՝ քանի քառակուսի մետր է: Այո, մենք կորցրել ենք որոշ դիրքեր, իսկ կոնկրետ չափը՝ տարածքի կորցնելու, հաշվելու առումով, պետք է ավելի ստույգ հաշվարկներ իրականացնել: Չեմ գտնում, որ 800 հեկտարը կամ 80 հեկտարը կամ 1200 հեկտարը շատ մեծ նշանակություն ունեն կամ նշանակություն չունեն: Այսօր ավելի շատ հոգեբանական է՝ ինչպես ենք մենք գնահատում արդյունքները»:

«Կոնկրետ ես գնահատում եմ արդյունքները, որ մեր Պաշտպանության բանակը կարողացել է կարճ ժամանակահատվածում ուշքի գալ, որովհետև ցանկացած առումով հարձակվողը ունի առավելություն, քանի որ հարձակվողն է թելադրում․․․ մեր բանակը կարողացավ շատ կարճ ժամկետում, ընդամենը կորցնելով 18-20 դիրք, հետո մի օրվա մեջ, ժամերի ընթացքում ուշքի գալ, ոչ միայն ուշքի գալ՝ կենտրոնանալ և կամաց-կամաց սկսել հետ գրավել, հետ վերցնել կորցրած դիրքերի մի մասը», - շարունակեց Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի վարչապետը շեշտեց․ - «Իհարկե, եթե շարունակվեր գործողությունները, ինձ թվում է՝ մեզ կհաջողվեր ոչ միայն հետ վերցնել այդ դիրքերը, ընդհուպ եթե անհրաժեշտություն լիներ՝ ավելի խորքային հարվածներ հասցնելով, բայց այստեղ հարցը մնում է՝ ո՞րն է մեզ համար առավել, ո՞րն է մեզ համար կարևորը՝ շարունակել մարտական գործողությունները, ունենալ կորուստներ, իսկ հաստատ կորուստներ կունենայինք, արդյոք հետագա ամեն մի օր շարունակել մարտական գործողությո՞ւնն էր մեզ համար ավելի պրոբլեմ, թե՞ դիրք վերցնելը: Իհարկե պրոբլեմ էր պատերազմի շարունակությունը՝ դա ոչ միայն մարդկային կարուստների, դա նաև մեծ, ավելի լայնածավալ պատերազմի հավանականության էր բերում»:

«Եթե մարդիկ կան, ասում են՝ հնարավոր է դիրքը վերցնեինք, դիրքերը վերցնեինք առանց կորուստների, առանց զոհերի, իհարկե, ես նրանց հետ, չեմ ուզում քննադատել, բայց համամիտ չեմ», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 22-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG