Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած միջոցառմամբ նշվել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը և ազդարարվել է Եվրախորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկը։
Ներկա էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին, Հայաստանում հավատարմագրված ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
ԱԳՆ-ից ստացված հաղորդման համաձայն, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. - «Ուրախ եմ ողջունել ձեզ և տիկին Բատայնի-Դրագոնիին արտգործնախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկի արարողության և Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի կապակցությամբ։
Նախևառաջ, կցանկանայի նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրոպայի խորհրդի աջակցությունը կառույցի հետ մեր բազմակողմանի հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովելու օրենքի լիակատար գերակայությունը։ Եվ այս առումով շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին այս գործընթացում մշտական աջակցության համար։
Մեկնարկող գործողությունների ծրագիրը 2012-2014թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացված բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է, մասնավորապես՝ արդարադատության, օրենքի գերակայության, ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդում, այնպես էլ այս գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին։
Այս տարի նշում ենք Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ Վստահ եմ, որ ինչպես մենք, այնպես և Եվրոպայի խորհուրդը գնահատում է այս մեկ ու կես տասնամյակը՝ որպես ամուր քայլերով զարգացող հարաբերությունների, ժողովրդավարության կառուցման շուրջ արդյունավետ համագործակցության ժամանակաշրջան։ Այս 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մաս և ակտիվ դերակատար»։
Իր խոսքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին ընդգծել է, որ Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը և Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը մեծապես գնահատվում է թե՛ Ստրասբուրգում, թե՛ կազմակերպության անդամ երկրների կողմից։
Ըստ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնիի, ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում բարեփոխումների բնագավառում արձանագրված հաջողություններն ակնառու են և տպավորիչ։ «Հայաստանի իշխանությունները շարունակաբար ամրապնդել են մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերիշխանությունը, ինչը ժողովրդավարական բարեփոխումների հանձնառության վկայությունն է։ Կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի հիմնական նպատակներից է մարդու իրավունքների և ազատությունների ամրապնդումն ու առաջմղումը»: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև տարբեր բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին՝ ընդգծելով ԵԽ պատրաստակամությունը՝ շարունակել դրանց համակողմանի աջակցությունը։
ԱԳՆ-ից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, արտգործնախարար Նալբանդյանը հանդես է եկել ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15-ամյակին նվիրված ծավալուն խոսքով: «2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված արժեհամակարգ: Ընդ որում, անդամակցում էր ոչ թե զուտ այն հանգամանքի բերումով, որ մայրցամաքի մաս էր կազմում, այլ քանի որ ստանձնում էր մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Այսուհետ Հայաստանը Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ էր ներկայացնում` ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ»,- նշել է Նալբանդյանը:
Իր խոսքում արտգործնախարարը չի շրջանցել նաև ղարաբաղյան հակամարտության թեման: «Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։
Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները։
Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբևէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երևույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ, հետևողական լինի այն բոլոր դրսևորումների պարագայում, որոնք վտանգում և մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման և նոր ճգնաժամերի կանխման համար»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։