Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստացավ շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից  


Վարչապետը զրուցում է բողոքի դուրս եկած գառնեցիների հետ, 21-ը մայիսի, 2016թ․
Վարչապետը զրուցում է բողոքի դուրս եկած գառնեցիների հետ, 21-ը մայիսի, 2016թ․

Զայրացած գառնեցիները Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման սկզբում անգամ նրան թույլ չտվեցին անցնել արգելապատնեշը:

Դեռ երեկվանից դեպի գյուղ տանող ճանապարհը որպես բողոքի արտահայտություն փակ պահող գառնեցիներն այսօր հենց իրենց տեղադրած արգելապատնեշների մոտ էլ դիմավորեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վանկարկելով՝ «չեղարկե՛լ», «հեռացե՛ք»: Զայրացած գյուղացիները հանդիպման սկզբում վարչապետին անգամ թույլ չտվեցին անցնել արգելապատնեշը:

Ցուցարարներից մեկի դիտարկմանն ի պատասխան՝ «մենք գիտեինք, թե դուք արդեն որոշումով եք գալու մեզ մոտ», վարչապետը կոպտեց՝ «շատ բան գիտեիք»: Մոտ 40 րոպե տևողությամբ քննարկումներից ու զրույցներից հետո Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին խոստացավ, որ շինարարական տեխնիկան դուրս կբերվի Գառնիի կիրճից, շինարարությունն էլ կդադարեցվի:

Ինչ վերաբերում է Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այս առնչությամբ գյուղացիներին հավաստիացրեց, որ այն կքննարկվի առաջիկա երկուշաբթիից սկսած, և քննարկումներին կմասնակցեն նաև տեղի բնակիչները:

Գառնեցիներն արդեն մոտ երկու տարի է՝ բողոքում են գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի 12 գյուղեր ոռոգելի դարձնելու ծրագրի դեմ։ Նրանց համոզմամբ, սակավաջուր Ազատի ջուրը չի բավականացնի նոր տարածքներ ոռոգելու համար։ Տեղի բնակիչները նաև պնդում են, որ տվյալ ծրագիրը ոչ թե գյուղացիներին, այլ պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող հողատարածքները ոռոգելու համար է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG