Մատչելիության հղումներ

ԿԲ-ն Հայաստանում մինչև 3.3 տոկոս տնտեսական աճ է ակնկալում


ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ

Կենտրոնական բանկն արդեն տարիներ շարունակ խնայողական ռեժիմի է անցել՝ Կառավարությունից անկախ:

«Մենք ինքներս մեր օպտիմալացումը սկսել ենք շատ ավելի շուտ ու իրականացրել ենք: Մենք ունենք համապատասխան թվաքանակի մեքենա ու այդ թվաքանակը չենք փոխում: Մենք 7 տարի մեր աշխատավարձները չենք բարձրացրել, մենք 7 տարի մեր գործուղման ծախսերը չենք ավելացրել», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԲ նախագահը:

Volkswagen մեքենայով երթևեկող Արթուր Ջավադյանը ոչ իր ծառայողական մեքենան է ճոխ համարում, ոչ էլ բանկի մյուս աշխատակիցներինը: - «2013 թվականի արտադրություն է, եթե համարում եք: Մենք չունենք մեքենա, որը վաճառած կամ դուրս գրած լինենք, եթե գոնե 7-8 տարեկան չէ», - ասաց ԿԲ նախագահը:

Կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակներում Կենտրոնական բանկը պատրաստվում է փոխել նաև դրամավարկային քաղաքականությունը: Ջավադյանը մանրամասնեց, որ նոր իրավիճակը հաշվի կառնեն և համապատասխան ճշգրտումներ կմտցնեն քաղաքականության մեջ, երբ սկսեն քննարկել 2017 թվական բյուջեն և վերջնականապես պատրաստ կլինի եկամուտների և ծախսերի ծրագիրը: Այժմ ճշգրտում են ակնկալիքները տնտեսական աճի վերաբերյալ: Կենտրոնական բանկը տարեվերջին Հայաստանում 2.4-ից մինչև 3.3 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։

«Մեր տիպի երկրի համար տնտեսական աճը պետք է լինի ավելի բարձր, բայց այս պահին՝ Եվրոպան ճգնաժամում է, Ռուսաստանում ճգնաժամ է՝ մեր գործընկեր երկրներում, եթե մենք ունենք 3 տոկոս տնտեսական աճ, այլ ոչ թե տնտեսական անկում, ուրեմն դա դրական է», - կարծիք հայտնեց Ջավադյանը:

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը ներկայացնելու նպատակով Ազգային ժողով եկած Արթուր Ջավադյանին պատգամավորները բազմաթիվ հարցեր ուղղեցին, նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ղարաբաղյան ճակատում ապրիլյան սրացումը որևէ կերպ ազդել է միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի դիրքերի վրա։

«Որևէ ձև դա չանդրադարձավ մեր եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա, բայց, միանշանակ, անդրադարձավ մեր հարևան երկրների եվրոպարտատոմսերի վրա», - ասաց ԿԲ նախագահը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ թե՛ պետական պարտքը, թե՛ բյուջեի պակասորդը գերազանցում են օրենքով թույլատրելի չափը, և մի քանի անգամ փորձեց ճշտել, թե մինչև տարվա վերջ քանի՞ միլիոնի նոր վարկեր պետք է վերցնի Հայաստանը, քանի որ, իր տեղեկություններով՝ սպասվող նոր վարկերը պետական պարտքը կհասցնեն վեց միլիարդ դոլարի: Ակնկալվող նոր վարկերի ծավալի մասին Արթուր Ջավադյանը կոնկրետ թիվ չնշեց, ասաց միայն՝ պետական պարտքը վերահսկելի է: - «Այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և՛ օրենքներով, և՛ միջազգային կառույցների և փորձագետների գնահատականով», - նշեց Կենտրոնական բանկի նախագահը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, համադրելով գործազրկության, պետական պարտքի, հանքարդյունաբերության աճը, պակասորդը, արտագաղթը, ներդրումների անկումը, եզրակացրեց․ - «Սա դասական ֆինանսական պիրամիդայի վիճակն է, որում Հայաստանը գնալով հայտնվում է, և դա նշանակում է, որ մի օր սա պայթելու է: Եկեք անվանենք այս երևույթը անզարգացում պարտակուտակում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG