Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շրջանառվում է եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծ


Փախստական եզդի երեխաներ, 2014թ․, արխիվ
Փախստական եզդի երեխաներ, 2014թ․, արխիվ

Հայաստանի եզդիների «Սինջար» ազգային միավորման նախագահը կարծում է, որ այս օրինագծի ընդունումը «Հայաստանի իշխանությունների պարտականությունն է Հայոց ցեղասպանության զոհերի առաջ»:

Օրինագծի մշակմանը մասնակցել է նաև Հայաստանի եզդիների «Սինջար» ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին: Նա ուշադրությամբ հետևում է Իրաքում ընթացող պատերազմին, այս տարիներին արդեն մի քանի անգամ Իրաք և Թուրքիա է մեկնել, ճամբարներում հանդիպել է եզդի փախստականների հետ: Այսօր էլ նրանցից ստացվող տեղեկությունները շարունակում են մտահոգել Մուրազիին:

«Երկու օր առաջ Սինջարի ազատագրված բնակավայրեր վերադարձող եզդիների վրա քրդական զինված ուժերը կրակ են բացել, մեկը զոհվել է: Էդ մարդիկ վերադառնում են, որ իրենց բնակարանները վերակառուցեն, ընտանիքները հետ գան: Այսինքն՝ խնդիր կա դրված, որ էդ մարդիկ չպետք է վերադառնան այլևս»,- ասում է Մուրազին:

Պաշտոնական տվյալներով՝ սկսած 2014-ից, Իրաքի տարածքում 7000 եզդի է սպանվել, մինչդեռ, Մուրազիի պնդմամբ՝ զոհերի իրական թիվը թաքցվում է: «Սինջար» միավորման նախագահի պնդմամբ, միայն անցած տարվա ոչ պաշտոնական մի ուսումնասիրությամբ պարզվել է, որ զոհերի թիվը հասնում է առնվազն 20.000-ի, իսկ գերության մեջ հայտնված եզդի կանանց թիվն ընդհանրապես անհայտ է:

«Էդ նույն զոհերի թվի մեջ պետք է ներառել նաև էն մարդկանց, որոնք ծովով Եվրոպա հասնելու ճանապարհին զոհվել են: Այսինքն՝ էդ մարդիկ ևս էս ցեղասպանության հետևանքով են զոհվել, նաև համաճարակի հետևանքով զոհված երեխաները, որոնք փախստականների ճամբարում են մահացել, Հայոց ցեղասպանության զոհերի թվերն էլ հաշվելիս հաշվում են նաև ճանապարհներին մահացածներին․․․»,- շարունակում է Մուրազին:

Իրաքի եզդիների ցեղասպանությունը դատապարտելու մասին օրինագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները, ավելի ուշ նախաձեռնությանը միացել է նաև «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը: Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ նախագիծը բաց է, հույս ունի, որ առաջիկայում դրան կմիանան իր մյուս գործընկերները՝ չխուսափելով «իրերն անվանել իրենց անուներով»:

«Էն, ինչ տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքում եզդիների հետ, դա որևէ այլ իրավական ձևակերպում, քան ցեղասպանություն, չպետք է ունենա: Ակնկալում ենք, որ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը կպաշտպանեն մեր նախաձեռնությունը»,- «Ազատությանն» ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Այս հարցով քաղաքական ուժերի հետ խորհրդատվությունները շարունակվում են: Բորիս Մուրազիի խոսքով՝ դեռ պարզ չէ ՀՅԴ-ի դիրքորոշումը, հարցը քննարկելու համար հանդիպման նախնական պայմանավորվածություն ունեն ՕԵԿ-ի հետ: Իշխող Հանրապետականին ու ընդդիմադիր ՀԱԿ-ին արդեն փաստեր են փոխանցել Իրաքի եզդիների ցեղասպանության վերաբերյալ՝ հուսալով, որ այդ ուժերը կողմ կքվեարկեն օրինագծին:

«Սա Հայաստանի իշխանությունների պարտականությունն է Հայոց ցեղասպանության զոհերի առաջ․․․»,- ասում է Հայաստանի եզդիների «Սինջար» ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG