Կորցրած դիրքերը, ըստ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վահան Բադասյանի, ոչ միայն ստրատեգիական նշանակություն ունեն, այլև բարոյահոգեբանական առումով մեծ դեր ունեն։
«Խախտված է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը, խախտված է բնակչի անվտանգությունը։ Էլ ի՞նչ է պետք։ Զոհ ենք ունեցել, և սա դեռ բոլորը չէ, շարունակվում է Թալիշ գյուղը մնալ թշնամու կրակակետի տակ։ Դա փաստ է։ Եվ հետ չվերցնելն այդ դիրքերի, կարծում եմ, կոպիտ սխալ է։ Այդ դիրքերը մենք ամեն գնով պետք է հետ վերադարձնենք, և դեռ ավելին՝ մենք պետք է շարունակենք հաղթարշավը մինչև պատերազմի ավարտը, իսկ պատերազմի ավարտը մեզ խիստ անհրաժեշտ է: Խաղաղությունը մեզ խիստ անհրաժեշտ է, բայց խաղաղությունը պետք է ոչ թե աղերսանքով և բանավոր պայմանավորվածությամբ լինի, այլ հակառակորդին պարտադրելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադասյանը։
Հարցին, թե «կարո՞ղ ենք ասել, որ այդ տարածքները կորցնելու հաշվին, ըստ էության, կորցրել ենք Թալիշ գյուղը՝ հաշվի առնելով, որ անմիջական ադրբեջանական թիրախի տակ է գտնվում և բնակիչներն այնտեղ վերադառնալու հնարավորություն չունեն», ազատամարտիկը պատասխանեց. - «Այո, իհարկե, և՛ Թալիշը պետք է հետ վերադարձնենք՝ այդ կորցրած դիրքերը, և՛ հարավում կորցրած դիրքերը պետք է հետ վերադարձնենք, որովհետև բարոյահոգեբանական տեսակետից արցախցիների համար դա շատ կարևոր է։ Սա ազգային գիտակցության և ազգային անվտանգության հարց է»։
Բադասյանի խոսքով, ապրիլյան պատերազմի դեռ առաջին օրերից թշնամու մարտավարության շուրջ երկու կարծիք է շրջանառվում․ ըստ դրանցից մեկի՝ թշնամին գործել է գրագետ, ըստ մյուսի՝ անգրագետ։ «Ես ուզում եմ փորձել տեսնել ճշմարտությունը՝ թշնամին գործել է շատ գրագետ՝ և՛ հարավում, և՛ հյուսիսում նա ձգտել է գրավել ավելի շատ, գրավել է կարևոր ստրատեգիական հանգույցներ, և եթե մենք պետք է ինչ-որ հանգրվանային ոգի ներշնչենք մեր ժողովրդին, ապա մենք կարող ենք առանց այդ կետերի շարունակել այստեղ մեր գոյությունը, բայց եթե խոսում ենք զուտ հոգեբանական և ստրատեգիական, և որ ավելի կարևոր է՝ քաղաքական տեսանկյունից, ապա այդ դիրքերը անհապաղ պետք է հետ վերադարձնել», - ասաց Բադասյանը։
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս օդանավում հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ։ «Դա մեկ հազարերորդն էլ չկա, ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո՛, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են», - ասել էր նախագահը։
Սերժ Սարգսյանը լրագրողներին վստահեցրել էր, որ զինված ուժերն ի վիճակի էին վերականգնել այդ ստատուս քվոն, բայց ընտրության խնդիր էր։ «Արդյո՞ ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու», - ասել էր նախագահը։
Բադասյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ, նախօրոք մատնանշելով զոհերի մասին, չի կարելի վախեցնել սեփական ժողովրդին ու բանակին։
«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է ասել, բայց ես համոզված եմ, որ, նախօրոք մատնանշելով զոհերի մասին, չի կարելի վախեցնել սեփական ժողովրդին և բանակին։ Միգուցե մենք դա հետ ենք վերցնում առանց զոհերի, ո՞վ է նախօրոք չափել զոհերի թիվը, իհարկե, պետք է մտածել, որ կարող ենք զոհ ունենալ, բայց եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն մենք չպետք է պաշտպանվենք, պետք է անընդհատ աղերսենք խաղաղություն և զիջումների գնանք, վաղն էլ դա են պարտադրելու մեզ։ Սա սխալ մոտեցում է, սա պահպանողական մոտեցում է և, կարելի է ասել, քաղաքականապես հոգնած մտածելակերպ է», - ասաց Վահան Բադասյանը։