Մատչելիության հղումներ

Թանգարանները ձգտում են հասնել «բազմաղբյուր ֆինանսավորման»


Հայաստանի թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:
Հայաստանի թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի և Արցախի ավելի քան 110 թանգարաններում մուտքն ազատ կլինի:

Ավելի քան 40 տարի ի վեր միջազգայնորեն նշվող այս օրը նաև առիթ է անդրադառնալու հայաստանյան թանգարաններում առկա խնդիրներին:

Դրանց «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:

«Զարգացում կա, և դա ուրախացնում է: Բայց մենք շատ գլոբալ խնդիրներ ունենք: Նախ միջոցների մասին․ երբեք աշխարհի ոչ մի թանգարան, անգամ Լուվրը, որ 10 միլիոն միայն այցելու է ունենում, իր միջոցներով չի կարող գոյատևել․ միշտ սուբսիդիան կա: Հայաստանում 1991-ից հետո, կարծես թե, մեծ հեղաշրջում եղավ, բայց սուբսիդիան պահպանվեց: Դա շատ լուրջ քայլ էր և պահպանեց մեր թանգարանները: Բայց ուրիշ հարց է, որ այսօր մենք խնդիր ունենք՝ մեր սուբսիդիան շատ քիչ է: Ամբողջ աշխարհում կա փոքր սուբսիդիա, բայց կա բազմաղբյուր ֆինանսավորում: Այ մենք դրան ենք ուզում հասել», - ասաց նա՝ նշելով, որ դա օրենսդրական փոփոխություններ է պահանջում, սակայն կառավարությունն առայժմ «չի ուզում գնալ դրան»:

Հարոյանը փոխանցեց, որ իրենք կառավարությանն առաջարկում են փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում․ - «Որոշակի առավելություն տանք այն բարեգործներին, ովքեր հենց թանգարանին բարեգործություն կանեն: Եկեք հարկային օրենսդրության մեջ մի փոքր առավելություն տանք»:

Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ են մերժում իրենց առաջարկությունները, նա պատասխանեց․ - «Ասում են, որ այդ դեպքում բյուջեն շատ կտուժի, բարեգործները կսկսեն գործարքի մեջ մտնել թանգարանների տնօրենների հետ․․․ Բայց դա, իհարկե, հեքիաթներ են, որովհետև դրա դիմացն էլ կարելի է առնել»:

Պատասխանելով թանգարանների աշխատակիցների միջին աշխատավարձին մասին հարցին, Մարինե Հարոյանն ասաց․ - «Աշխատավարձերը ամենացածրն են․ 60-70-80 հազար դրամ․․․ Ես միշտ այս օրինակը բերում եմ․ մենք 60 հազար վճարում ենք մի մարդու, և այդ մարդուց պահանջում ենք, որ ինքը միլիոնների հասնող ֆոնդեր վերահսկի, նրա վրա ենք դնում այդ արժեքների պատասխանատվությունը: Հիմա դատավորներինը բարձրացնում են, ասում են, որպեսզի կոռուպցիա չլինի, հիմա ի՞նչ, կանգնենք, հազար անգամ կներեք, ասենք՝ բարձրացրեք, որ գողություն չլինի՞: Չնայած, փառք Աստծո, թանգարանում այդ մտածողությունը չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG