Այսօր Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Հանդիպման մասին տեղեկություն է հրապարակել բելառուսական պետական BelTA լրատվական գործակալությունը:
«Եվս մեկ անգամ մենք ունենք հնարավորություն՝ քննարկել, պարզել կոնկրետ հարցեր և խնդիրներ, որոնք, ազդեցություն ունեն երկու կողմերի հարաբերությունների վրա»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է, որ ռուս-բելառուսական հարաբերությունները վերջերս քննարկվել են նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Մենք կարողացանք քննարկել բոլոր հարցերը՝ ընկերական մթնոլորտում: Մենք չունենք փակ թեմաներ», - ասել է Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Լավրովին հրավիրել է՝ քննարկելու ռուս-բելառուսական հարաբերությունների հեռանկարը՝ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում:
Հանդիպումից հետո լրագրողներին ներկայացնելով ուշադրության արժանացած հարցերը՝ Սերգեյ Լավրովը գնահատել է Բելառուսի նախագահի հետ հանդիպման կարևորությունը՝ նշելով. - «Մենք իրապես և ամբողջությամբ կիսում ենք մեր հարաբերությունների կոնցեպցիան, որի մասին Դուք արտահայտվեցիք: Հարցեր են բարձրացնում որոշ երկրներ, դաշնակիցներ: Մենք միշտ հասկանում ենք իրար, չնայած երբեմն խնդրի լուծումը գտնելը պահանջում է ավելին, քան մեկ օրը»:
Լավրովը միևնույն ժամանակ ասել է. - «Միջազգային իրավիճակը պահանջում է սերտ համագործակցություն, ներառյալ այնպիսի հարցերում, ինչպիսին է եվրոպական անվտանգությունը, իրավիճակը՝ Ուկրաինայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում»: