Ուզբեկստանում իսլամական ծայրահեղականության և այլ ծանր մեղադրանքներով առաջին ատյանի դատարանի դատավճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Արամայիս Ավագյանի մայրն օրերս այցելել է Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պնդելով, որ որդուն ապօրինաբար բանտում են պահում առանց որևէ իրավական հիմքի: Այս տեղեկությունը փոխանցելով «Ազատությանը»՝ Ֆլորա Սաքունցը հայտնեց նաև, որ իրեն ընդունել է Ուզբեկստանի օմբուդսմենի ներկայացուցիչը:
«Ի՞նչ է եղել, որ իմ երեխուն ծեծել են, հիվանդացրել են, հիմա բանտում ա», - իր փոխանցմամբ՝ Ուզբեկստանի օմբուդսմենի ներկայացուցչին այս հարցն է ուղղել Ֆլորա Սաքունցը:
Հունվարին Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Հայաստանի այժմ արդեն նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ խնդրելով պարզաբանումներ ներկայացնել և կանխել ապօրինությունները:
Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, վերջին շրջանում Ուզբեկստանի նախագահին, Ազգային անվտանգության ծառայությանը, իրավապահ մի շարք այլ օղակների ուղարկած նամակներում ներառել է հարցադրում, թե ինչո՞ւ են Ուզբեկստանի իշխանությունները խտրական վերաբերմունք ցուցաբերել 34-ամյա Արամայիս Ավագյանի նկատմամբ: «Ազգային հարց ենք բարձրացրել մենք: 4-ին [գործով անցնող մյուս 4 ամբոստանյալներին] ոչ մի բան չեն արել, մենակ իմ տղային՝ որպես հայ, շատ ծեծել են, ոտքը ջարդել են, կողերը ջարդել են... սաղ տեղ չկա մեր տղայի վրա: Հետո բերդ են տարել», - պատմեց ազատազրկված երիտասարդի մայրը:
Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, Արամայիս Ավագյանի առողջական խնդիրները բարդացել են, նրան վերջերս տեղափոխել էին հիվանդանոց: Դժվարանում էր քայլել, անհրաժեշտ է եղել բժշկական միջամտություն:
Արամայիս Ավագյանի նկատմամբ բռնություններ են կիրառվել սեպտեմբերին, երբ նրան ձերբակալել էին: Բռնությունների մասին բարձրաձայնել էր նաև Amnesty International կազմակերպությունը:
Հայազգի երիտասարդը մեղադրվում է «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու» փորձերի մեջ: Նա հինգ ամբաստանյալներից միակն է, ով դատարանում չի ընդունել մեղադրանքները և պնդել է, որ նախաքննության ժամանակ բռնությունների միջոցով են փորձել պարտադրել «ինքնախոստովանական» ցուցմունքներ:
Արամայիս Ավագյանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է Գերագույն դատարանում: Նիստի օրը դեռ չի նշանակվել: