Մատչելիության հղումներ

Թատերագետ․ Հարկ է տարբերել ժամանակակից և արդիական թատրոնները


Թատրոն, արխիվ
Թատրոն, արխիվ

Անուշ Ասլիբեկյանը նաև նկատում է՝ «արդիական և ազգային թատրոնները միմյանց չեն հակադրվում, դրանց համատեղումից ծնվում է ստեղծագործող հայի նոր տեսակ»:

Վերջին տարիներին թատրոնում տեղի ունեցող զարգացումները, հայ թատերական մտքի ընթացքը թատերագետներին հուշում են, որ հայկական թատրոնը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին: Նոր՝ թարմ մտածողությամբ երիտասարդ ռեժիսորների և դերասանների սերունդ է եկել, ովքեր փորձում են ընդլայնել թատերական ըմբռնումները, նոր ձևեր ու մտածողություն դրսևորել, նոր շունչ բերել հայ ժամանակակից թատրոնին:

Այդուհանդերձ, թատերագետ, դրամատուրգ, Անուշ Ասլիբեկյանի ուշագրավ դիտարկմամբ, «հետաքրքիր մի համայնապատկեր կա հայ թատրոնում, մենք դեռևս ունենք թատրոններ, որոնք ժամանակակից են, սակայն արդիական չեն»:

Նշելով, թե հարկ է տարբերել ժամանակակիցն ու արդիականը, թատերագետը շարունակում է՝ «Ունենք նաև ազատ բեմեր, ազատ հարթակներ, որտեղ ստեղծվում է հենց արդիականը: Եվ դա չնկատել, դրա մասին չխոսել, կարծում եմ՝ կլինի հանցանք, որովհետև մենք կկորցնենք ամենակարևորը՝ այդ փոքր, բայց կարևոր թարմացումները․․․»:

Ըստ թատերագետի, արդիական ու ազգային թատրոնները միմյանց չեն հակադրվում, այլ դրանց համատեղումից ստեղծվում է ստեղծագործող հայի նոր տեսակ: Անուշ Ասլիբեկյանի համոզմամբ, հատկապես փոքր բեմահարթակներում այսօր առնվազն չորս-հինգ երիտասարդ՝ նոր մտածողությամբ բեմադրիչների առկայությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայ ժամանակակից թատրոնը բռնել է «պոստմոդեռնի», կամ հետմոդեռնի ճանապարհը, որով վաղուց անցել են արևմտյան թատրոնները: Խորհրդային տարիներին այդ մասին այստեղ խոսք անգամ լինել չէր կարող:

Հետմոդեռնը մեզ հասել է շատ ուշ, բայց լավ է, որ հասել է, շեշտում է թատերագետը: Նա նաև նկատում է՝ վերջին տարիներին հայ թատրոնի խաղացանկում ավելացել են հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Իր իսկ պիեսներից երեքը վերջին երկու տարում արդեն բեմադրվել է: Հիմա էլ Պատանի հանդիսատեսի թատրոնում Հակոբ Ղազանչյանը բեմադրում է չորրորդը՝ «Մի լռիր, Ռեմի» խորագրով պիեսը, որում արծարծվում են իր սերնդի խնդիրները:

«90-ականների, այսինքն՝ իմ սերնդի այն խնդիրները, որոնք անկախությունից հետո մեզ հետ բերել և հասցրել ենք մեր օրերը: Այսինքն, դա մի սերունդ է, որին ժամանակին երազանքներից կարծես թե զրկել էին, մի սերունդ, որն ի վերջո ապատիայից հետո հասկանում է, որ ինքն է իր ճակատագրի և կյանքի տերը․․․»,- ճշգրտում է Անուշ Ասլիբեկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG