Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը սպասում է «գող պաշտոնյաների հետապնդմանը»


Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչն էլ ասում է՝ բյուջեից գողացողների ձեռքերը պետք է կտրել:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի համար վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններն արժեք չունեն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով վարչապետի այսօրվա ելույթին, ընդգծեց՝ իրենք սպասում են կոնկրետ քայլերի: Դա, մասնավորապես, իշխանությունների կողմից «գող պաշտոնյաներին» հետապնդելն է:

Ընդդիմադիր գործիչը մատնացույց է անում է օֆշորային սկանդալի հերոս, նախկին Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումը: «Համաձայն մամուլի տեղեկությունների, նա 800 միլիոն դոլարի ընդհանուր հարստություն է կուտակել, ասում են՝ Լոնդոնում մեծ, հսկայական շենք ունի և այլն․․․ի՞նչն է խանգարում, եթե իշխանություններն այս մղման մեջ անկեղծ են, իսկապես արդեն լուրջ, միգուցե՝ դրակոնյան քայլերի գնալ և այնպիսի օրենքներ մտցնել, որոնք թույլ կտան նման ակնհայտ գող պաշտոնյաների նկատմամբ կիրառել, ինչու չէ, նրանց սեփականության կոնֆիսիկացիա: Որովհետև դա նրանք ձեռք են բերել ոչ թե հալալ քրտինքով, այլ կողոպուտով, թալանով: Այ, երբ որ տեսնենք, որ իշխանությունը կոշտ քայլեր է անում, հետապնդելով գող պաշտոնյաներին, այդ ժամանակ նոր ավելի լուրջ խոսակցություն կարող է ծավալվել»,- «Ազատությանն» ասաց Լևոն Զուրաբյանը:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ թեև Լևոն Զուրաբյանը մի փոքր խիստ է արտահայտվում, բայց կիսում է ընդդիմադիր գործընկերոջ տեսակետը՝ հայտարարություններից բացի նաև պետք է արդյունքներ լինեն: «Ես ոչ թե հիմա եմ համաձայն, ես դրա կողմնակիցն եմ եղել արդեն 30 տարի: Բյուջեի վրա ձեռք բարձրացնողների ձեռքերը պետք է կտրել»,- նման խիստ առաջարկ արեց Վահրամ Բաղդասարյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե այս ամսվա 14-ից սկսում են պարբերական շաբաթական քննարկումներ, որի ընթացքում անդրադարձ են կատարելու կոռուպցիայի դեմ պայքարին, շահերի բախման երևույթին, ինչպես նաև՝ պետական ծախսերը կրճատելու անհրաժեշտությանը: Վարչապետը նշել է՝ ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ կարող են ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ուղարկելով վերջինիս էլեկտրոնային փոստի հասցեով:

«Հայ ազգային կոնգրես»-ը, սակայն, Դավիթ Հարությունյանին էլեկտրոնային նամակներ չի ուղարկի: «Գործընթացը դեռ պարզ չի: Այսինքն, ձևակերպված չի՝ ինչ գործընթաց է, ինչ ձևաչափով: Եթե դուք նկատի ունեք Դավիթ Հարությունյանի մեյլին առաջարկներ ուղարկելու գործընթացը, բնականաբար, մենք նման գործընթացին չենք մասնակցի: Մենք շատ ավելի լուրջ մեխանիզմներ ունենք որևէ հարցի բարձրացման, նույն Ազգային ժողովում և այլ ֆորմատներում: Եթե խոսքն ինչ-որ պարբերական քննարկումների մասին է, էդ առաջարկը պետք է կոնկրետացվի»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք պետք է քառօրյա պատերազմ լիներ, որպեսզի իշխանությունը հասկանար, որ պետք է վերջ տալ կոռուպցիային, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե իրենք այդ խնդրի մասին բազմիցս են խոսել, պարզապես վարչապետի հորդորն այն է, որ այս իրավիճակում պետք է ավելի զգոն լինել: «Իրոք, քառօրյա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, և մենք բոլորս պետք է մի փոքր ավելի զգոն լինենք․․․ոչ թե մի փոքր, այլ առավել զգոն պետք է լինենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նրան նաև հետևյալ հարցն ուղղեցինք՝ ի՞նչ է նշանակում ավելի զգոն լինել, արդյո՞ք խոսքն այն մասին է, որ պաշտոնյաներն այլևս կոռուպցիայով չեն զբաղվելու: «Կոռուպցիան եկել է մարդկության հետ և մարդկության հետ էլ պետք է վերանա»,- պատասխանեց իշխող ուժի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG