Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
«Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, նշում է, որ մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996 թվականին ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: