Հարկային մարմինները, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն։
Հիշեցնենք, դեռ մեկ ամիս առաջ Վախթանգ Միրումյանը հայտարարել էր, թե կուսումնասիրեն ԴԱՀԿ ծառայության պետի անվան հետ կապվող պնդումները օֆշորում ընկերություններ ունենալու վերաբերյալ․ - «Եթե կան հարկային չվճարումներ, դա արդեն խնդիր է: Եթե չկան հարկային չվճարումները, ուրեմն ՊԵԿ-ը գլոբալ առումով խնդիր չունի»:
«Ազատության» հարցին, թե արդյոք ուսումնասիրել է խնդիրն ու ինչ եզրահանգման է եկել, Միրումյանը պատասխանեց. - «Հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ որ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում մասնավորապես կատարվում է որևէ ընկերության նկատմամբ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ, և կա դրա արդյունքում պետական բյուջե չվճարված հարկեր։ Եթե կլինեն նման դեպքեր, բնականաբար, նման դեպքերի մասին դուք իրազեկ կլինեք։ Արտահերթ այլ քայլեր ձեռնարկելու իրավասություն Պետական եկամուտների կոմիտեն չունի պարզապես»։
Միրումյանն ընդգծեց, որ Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ․ - «Այլ հարց է, դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե՞ ոչ: Սա է ամբողջ խնդիրը։ Հարկային ծառայությունը, երբ որ արդեն քրեական գործի շրջանակներում կստանա համապատասխան որոշում՝ իրականացնելու ստուգումներ, բնականաբար կիրականացնի»։
Հարցին, թե ինչու սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն չի սկսում, եթե ունի գործիքակազմերը, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց. - «Ես ասում եմ՝ ստուգում սկսելու համար անհրաժեշտ է իրավական հիմք։ Հիմա դուք նշում եք, ասում եք, որ քրեական գործ է հարուցվել: Եթե քրեական գործի հիմքում կբացահայտվեն՝ նախաքննությամբ, որ կարող են լինել, չեմ ասում կան, կարող են լինել հարկերից խուսափման ռիսկեր, բնականաբար կիրականացվի»։