Համայնքում անասնապահությամբ շատերն են զբաղվում: Տարածքի անասնաբույժի պնդմամբ, կենդանիների անկման պատճառը դաբաղն է:
«Պետությունից ոչ մի բան չենք ուզում: Մենք պարզապես մասնագետի խորհրդատվություն ենք ուզում: Մեր եզդիական համայնքի ներկայացուցիչները ամեն օր պարտադիր կաթ և մածուն են վաճառում Երևանում, մենք ենք խմում նույն այդ կաթը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ջրաշենի մի բնակիչ:
Ջրաշենցիներն ասացին, որ նախ զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարության «թեժ գիծ», ինչից հետո իրենց հետ կապվել են Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները և խորհուրդներ տվել: Բնակիչների կարծիքով, սակայն, անհրաժեշտ է լաբորատոր քննության ենթարկել հիվանդ կենդանիների միսը:
«Ես ասում եմ՝ մեզ մոտ կենդանիների 80 տոկոսը վարակված են դաբաղով, ասում ա՝ դա դեռ համաճարակ չէ», - պատմեց անասնապահությամբ զբաղվող մի ջրաշենցի:
Մարդիկ չգիտեն ինչպես վարվել՝ այրե՞լ, թե՞ թաղել սատկած կենդանիներին: Շատերը խոստովանեցին, որ կենդանիների միսը վաճառել են մայրաքաղաքի շուկաներում․ - «Ավտոն որ մսամթերք է բերում, անպայման տամոժնին ստուգում ա, բա քու ներսում էս բանը կատարվում ա, էդ միսն ինչի՞ ես ասում՝ քցելու եմ շներին․․․ Լավ էլ տարել ենք, ծախել ենք: Ի՞նչ իմանայինք ինչ էր: Տարել ենք, ծախել ենք, որովհետև փողի կարիք ունենք: Էդ անասունին էդքան պահել են, մեզ համար հարյուր դրամն էլ փող ա․․․ Բա էսի մեր ներսում ա, բա սրան տեր չկա՞, մեկը չկա՞ մեր գլխին կայնի, որ ասի՝ սենց արեք»:
ԳՈւՄ-ի շուկայում մսավաճառները բացառում էին, որ իրենց մոտ կարող է հիվանդ կենդանու միս հայտնվել:
«Ես միսը լավ ճանաչում եմ, բժշկից էլ լավ: Ընդունում եմ առողջ միս: Վատը եղավ՝ հետ ենք տալիս», - «Ազատությանն» ասաց նրանց մեկը:
Գյուղնախարարության սննդի անվտանգության տեսչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ արդեն մեկ ամիս ի վեր տեղում դաբաղի դեմ պատվաստումներ են իրականացնում, բայց որ կենդանիներ են սատկել, ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի փոխանցմամբ, միայն երեկ են իմացել․ - «Եթե կա ահազանգ, կա նման տեղեկատվություն, որ անկման դեպքեր կան, մեր կողմից խումբ կուղարկվի, որովհետև տուն առ տուն պիտի այցելեն, և իրավիճակը պարզվի, տեղում ամրագրեն անկումը»: