Մարիա Գայդարը հրաժարվել է Օդեսայի նահանգային վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնելու համար նրան հրավիրել էր նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հաղորդում է UNIAN լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գայդարի մամուլի խոսնակ Վիկտորիա Սիբիրի հայտարարությունը:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է համաձայն մայիսի 1-ից ուժի մեջ մտած խմբագրված օրենքի, որը արգելում է համատեղել պետական ծառայությունն ու պատգամավորի կարգավիճակը․ Գայդարը շրջանային խորհրդի պատգամավոր է:
Ուկրաինական գործակալությունը նշում է, որ երեքշաբթի առավոտյան Օդեսայի վարչակազմի շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ կամավորականներ, ովքեր պահանջում էին Գայդարի հրաժարականը: Ակտիվիստները պնդում էին, որ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության մասնակիցներն ու զոհվածների ընտանիքները սոցիալական վճարումներ չեն ստանում: