Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, դեռ մշակման փուլում է։
Բալայանը, սակայն, չմանրամասնեց, թե երբ շրջանառության մեջ կդրվի պայմանագրի նախնական տարբերակը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում սկսված ռազմական գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր արտգործնախարարությանը՝ Ղարաբաղի գործընկերների հետ մշակել փոխօգնության պայմանագրի տեքստը: Համապատասխան քննարկումների անցկացումից հետո այն պետք է հաստատման ուղարկվի Ազգային ժողով:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը քաղաքական օրակարգ մտցնելը Ադրբեջանին նոր ռազմական գործողություններից հետ պահելու միջոցներ են:
«Ղարաբաղի ճանաչման խնդիրը, կամ Հայաստանի և Արցախի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի նախապատրաստումը, ինչի մասին Սերժ Սարգսյանը ակնարկեց ապրիլի 4-ին ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, թերևս գոնե լուրջ նախազգուշացում էին այն առումով, որովհետև հիշեցնելով, կամ հղում կատարելով 1994 թվականի հրադադարի համաձայնագրի վրա, Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարում էր, որ Հայաստանն այդ պայմանագրով, ըստ էության, այլևս Արցախի անվտանգության երաշխավորն է, և եթե պատերազմը շարունակվում է, ապա այդ դեպքում Հայաստանի պաշտոնական ներգրավվածությունը պատերազմական գործողություններում անխուսափելի է դառնում, նաև հասկացնելով, որ այդ պատերազմն արդեն ոչ թե լոկալ պատերազմ է լինելու, այլ տարածաշրջանային պատերազմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Սաֆարյանի խոսքով՝ սա չէր կարող չմտահոգել հատկապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ «Որովհետև Հայաստանի ներգրավվածությունը նման լայնամասշտաբ պատերազմում նշանակում էր նաև Ռուսաստանի ներգրավվածություն, կամ Ռուսաստանի կողմնորոշվելու հրամայական։ Հետևաբար, այո՛, սրանք, ես կարծում եմ, չափազանց լուրջ ազդեցություն են թողել հետագա, այսպես ասած, դիվանագիտական փոթորիկի վրա, որը ցուցաբերվեց ամսի 4-ին, 5-ին, և պահանջեցին դադարեցնել կրակը հակամարտության գոտում», - ասաց քաղաքագետը։