Մատչելիության հղումներ

94-ամյա վետերանը ապրիլյան բախումների օրերին խնդրել էր, որ իրեն սահման տանեն


Ղարաբաղյան պատերազմի տարիներին Երկրորդ համաշխարհայինի մասնակից Հայկազ Հակոբյանը որպես կամավոր կռվել էր Մարտակերտում։

Հայրենական մեծ պատերազմի 94-ամյա վետերան Հայկազ Հակոբյանը յոթ տասնամյակ անց էլ հիշում է այն քաղաքների անունները, որտեղ կռվել է։

Հայրենիքն այն ժամանակ Սովետական Միությունն էր, ու այն պաշտպանելու համար փոքրից մեծ ոտքի էին կանգնել․ - «Ստալինի ելույթը մարտի 8-ի չեմ մոռացել ես․․․ Մենք հաղթելու ենք, հաղթանակը մերն ա: Գերմանիան թույլ ա, վախկոտ ա, Գերմանիան ցրտին չի դիմանում, արդեն փախչում են»:

Թեև Գերմանիան հզոր զենքեր ուներ, ասում է նա, սակայն պարտվեց։

Ռազմի դաշտում հետախույզը մի քանի անգամ վիրավորվել է։ Մինչև հիմա հիշում է հիվանդանոցի հասցեն, որտեղ բուժում է ստացել․ - «Ռոստով Դոն, 19, պոշտավոյ յաշչիկ 12, պալատա 15, վտորոյ ատդելենի, 4-րդ պալատ»:

Ամեն տարվա նման Հայկազ Հակոբյանն այսօր էլ տոնական զգեստ է հագել ու Հաղթանակի զբոսայգի եկել հին ընկերներին հանդիպելու համար։ Վետերանների շարքերը նոսրանում են, ասում է նա, երևի դրա համար էլ այգու այցելուները միայն իր հետ են նկարվում․ - «Հա գալիս են շուրջս, խնդրում են՝ չե՞ս թողնի հետդ նկարվենք: Էնքան մարդ ա նկարվել հետս»:

Իր երիտասարդությանն ու Սովետական Միությունում ապրած տարիներին Հայկազ Հակոբյանը կարոտում է, սակայն ավելի արժևորում այսօրվա անկախությունը։ Պետության կողմից աջակցություն չի ակնկալում, խնդրել չի սիրում․ - «Բյուջե չունեն, էս չունեն, էն չունեն․․․ Հետո շատ դեպքում էլ ամաչում ես, որ պահանջես, դիմես: Ասում ես՝ մեկ ա, չեն տալու, էլ ինչո՞ւ պատիվս քցեմ»:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Երկրորդ համաշխարհայինի մասնակիցն արդեն որպես կամավոր է ներգրավվել, կռվել է Մարտակերտում։ Նույնիսկ ապրիլյան վերջին թեժ բախումների օրերին է խնդրել, որ իրեն էլ սահման տանեն․ - «Որ հենց էթաս, ընդե կայնես, հրացան էլ չըլի ձեռդ, ընդե կարտոլ պճկես, ընդե ճաշարան աշխատես, կամ բեռ տանես, բեռ բերես, բան մատակարարես, էդ էլ հերիք ա: Չնայած հայ ազգը փոքրամասնություն ա կազմում, բայց ուժեղ են: Հայ ազգը անվախ ա․․․ Ուզում ա զոհ տա, ուզում ա չտա, նա պիտի իր նպատակին հասնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG