2008 թվականից անցկացվող «Թատրոն X» համահանրապետական փառատոնն այս տարի անցկացվեց ապրիլի 15-ից մայիսի 9-ը: Մասնագիտական հանձնախումբը դիտեց և քննարկեց մայրաքաղաքի և մարզերի 12 թատրոնների 14 ներկայացում: Փառատոնն ամփոփվեց Էջմիածնում «Մաչանենց» գեղագիտական կենտրոնի պուրակում:
«Ազատության» հարցին, թե ինչ տվեց այս տարվա փառատոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը պատասխանեց․ - «Մի ժամանակ կար, որ ես շատ հուսահատ էի, որովհետև ոչ մի շարժ չկար, նոր ձևեր չկային, փնթիություն կար բեմում․․․ բայց վերջին տարիներին, բարեբախտաբար, ես տեսնում եմ, որ փոխվում է հայ թատրոնի դիմագիծը: Ավելի ճիշտ ոչ թե փոխվում է, այլ ձևավորվում է նոր հայ թատրոնի դիմագիծը»:
«Որովհետև ինչ ասեք, որ մեր իրականության մեջ չկա», - պարզաբանեց նա․ - «քննադատական ռեալիզմի ու սոցռեալիզմի նշաններից մինչև էքսպերիմենտալիզմ, պոստմոդեռնիզմ․․․ բայց այդ ամեն ինչը այնքան անկատար ու խակ վիճակով և այնքան պրիմիտիվ ընդօրինակողական մակարդակում, որ ես պարզապես չէի հասկանում, թե ի վերջո որն է մեր թատրոնի հունը: Բայց վերջին շրջանում ես տեսնում եմ ներկայացումներ, որոնցով մենք մոտենում ենք միջազգային թատերական փոխակերպումներին: Դրանք այն ներկայացումներն են, որոնցում գերիշխում է պարային, պլաստիկ ու գեղանկարչական տարրը: Այն, որ հոգեբանական թատրոնը, իմ խորին համոզմամբ, ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում, և այսօր առաջատար ավանգարդիստները հոգեբանական թատրոնի ջատագովները չեն, սա չի նշանակում, որ ներկայացումը սկսելուց առաջ չպիտի հոգեբանական աշխատանք արվի: Բայց դրսևորման նպատակը այլևս հոգեբանությունը չէ»:
Արվեստագետ Անուշ Ասլիբեկյանի համար կարևոր է, որ թատերական աշխարհում այսօր աստիճանաբար ձևավորվում են նոր հոսանքներ և ուղղություններ․ - «Մեծ, աղմկահարույց գեղարվեստական որոնումներ կան: Բումեր, ցնցումներ որոնել պետք չէ հայ թատրոնում, որովհետև մեր այս միկրոթատերական աշխարհի համար երեք-չորս նոր շնչով, հետաքրքիր մտածողությամբ, թարմ մտածողությամբ բեմադրիչներ արդեն իսկ բավական են, որպեսզի համարենք, որ ընթացք կա և զարգացումներ կան»:
«Փառատոնը դառնում է ավելի բաց, ավելի կոնտակտային, քննարկումներն անցնում են շատ ավելի հետաքրքիր: Կարծում եմ, մենք հասնում ենք ամենակարևորագույն նպատակի, երբ հանդիսականը ևս դառնում է ներկայացման ստեղծող կարևորագույն օղակներից մեկը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային թատերական ստեղծագործական միավորման համահիմնադիր, Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
Փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի ունեցավ «Թատրոն X»-ի նախագահ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը: