Մատչելիության հղումներ

Վոլինկին․ Ռուսաստանից Հայաստանը ստանում է ամենաարդիական սպառազինություն


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է ամենաարդիական սպառազինություն՝ երկրի անկախության պաշտպանության համար», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Դիտրակմանը, թե քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո, Հայաստանում շատերի համոզմամբ, դաշնակից համարվող Ռուսաստանը չեզոքություն պահպանեց, Վոլինկինն արձագանքեց․ - «Հայաստանն իրոք հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես, ինչպես Ռուսաստանն է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս դաշնակցային հարաբերությունները պահպանվեն: Ինչ վերաբերում է սպառազինության մատակարարումներին, վստահ եմ, որ Հայաստանը ստանում է սպառազինություն, ամենաարդիական սպառազինություն՝ իր անկախության, ինքնիշխանության պաշտպանության համար: Գործելու ենք նույն այս դաշնակցային հարաբերությունների շրջանակում»:

Հայաստանն ու Ռուսաստանը անցած տարի հունիսին ստորագրեցին 200 միլիոն դոլար կազմող վարկային համաձայնագիր, որի շրջանակում Մոսկվան պետք է սպառազինություն մատակարարի Հայաստանին: Շուտով կլրանա փաստաթղթի կնքման մեկ տարին, սակայն հայկական կողմը դեռ խոսում է սպառազինությունը ստանալու շուրջ տարվող աշխատանքների մասին:

Անցած ամիս Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անգամ բարձրաձայնեց գործընթացի դանդաղման մասին՝ խնդրելով իր ռուսաստանցի գործընկերոջը, որպեսզի նա հրահանգի Рособоронэкспорт-ին՝ հնարավորինս արագացնել պայմանագրերի կնքումը:

«Ռուսաստանն ու Հայաստանը, իրոք, ստորագրել են 200 միլիոն դոլար կազմող սպառազինության մատակարարման պայմանագիր: Հասկանում եք, յուրաքանչյուր երկրում գոյություն ունեն բյուրոկրատական ինչ-որ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս մեկ ժամում լուծել խնդիրները: Պետք է համաձայնեցնել սպառազինության ցուցակը, մատակարարման պայմանները: Այն, ինչ ես գիտեմ, հետևյալն է՝ այդ համաձայնագրի գործարքների մեծ մասը արդեն իսկ կնքվել են: Իսկ մատակարարումները, բնականաբար, կսկսվեն փոխադարձաբար ընդունելի ժամկետներում: Զենքը այնպիսի բան չէ, որ ուղղակի վերցնես ինչ-որ տեղից ու բերես: Այն պետք է պատրաստել, և դա որոշակի ժամանակ է պահանջում»։

Նախորդ տարիներին Ռուսաստանը դարձավ Ադրբեջան սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով, 2011-2015թթ․ ընթացքում, 2006-2010թթ․ համեմատ, Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է սպառազինության ներմուծումը Ռուսաստանից: Նախորդ հինգ տարիներին ռուսաստանյան սպառազինության արտահանման ողջ ծավալի գրեթե 5 տոկոսը գնացել է Ադրբեջան: Ռուսական մամուլի գնահատմամբ, խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է:

Հայաստանից նաև նախագահի մակարդակով հնչող դժգոհությունների ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը քառօրյա պատերազմից օրեր անց «դեմագոգիա, բառակույտ և լալկան նվնվոց» անվանեց Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման քննադատությունը:

Այսօր Հաղթանակի տոնի առթիվ Իվան Վոլինկինը խոսեց նաև հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, որը, ինչպես ինքն ասաց, «չեն կարող սասանել այս պահին գոյություն ունեցող հարցերը»:

«Ազատության» հարցին՝ իսկ Ադրբեջանին հարձակողական սպառազինության մատակարարումները արդյո՞ք չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, Վոլինկինը պատասխանեց․ - «Կարծում եմ, այդ հարցը ավելի շատ զգայական դաշտում է, քան ունի ռազմավարական կամ քաղաքական բնույթ»:

Դիտարկմանը, որ այդ զենքով ադրբեջանցիները կրակում են հայկական դիրքերի, բնակավայրերի ուղղությամբ, Վոլինկինն արձագանքեց․ - «Հասկանում եմ, բայց մարդի՛կ են կրակում այդ զենքով, ոչ թե զենքն է կրակում: Դրանք տարբեր բաներ են: Ուստի, կարծում եմ, այդ հարցը լուծվող է այն առումով, որ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է»:

XS
SM
MD
LG