Եռատոնը, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Լեռնային Ղարաբաղում ավելի համեստ կնշեն, քանի որ, ինչպես տեղի իշխանություններն են նշում, ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների մահվան 40 օր դեռ չի լրացել։
Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակից բարձրաստիճան պաշտոնյաները, հյուրերը, պատվիրակությունները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կշարժվեն դեպի եղբայրական գերեզման՝ հարգելու Արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հիշատակը։ Գերեզմանատանը նախատեսվում է փոքրիկ միջոցառում, տեղի կունենա նաև զինվորական շքերթ։
Միջոցառման մասնակիցներն այնուհետ կմեկնեն Շուշի՝ ծաղիկներ կդնեն սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, կմասնակցեն Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվող պատարագին։