Մատչելիության հղումներ

Գորիսն ավելի գրավիչ է դարձել զբոսաշրջիկների համար


Սյունիքի մարզ, «Տաթևի թևեր» ճոպանուղին
Սյունիքի մարզ, «Տաթևի թևեր» ճոպանուղին

Չնայած դրան, դեռևս տուրիզմի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:

Գորիս այցելած ռուս զբոսաշրջիկներն ասում են՝ այստեղ ամեն անգամ նոր բացահայտումներ են անում: «Անցյալ անգամ այստեղ տեսանք Նորվեգիան, լեռներում ինչ-որ մեկը Խորվաթիան է տեսել: Քանի որ այստեղ շատ հյուրասեր մարդիկ են, իսկ նշված երկրներում էլ գները բավականին բարձր են, ավելի լավ է գալ Հայաստան»,- պատկերավոր համեմատություններ են անում ռուս զբոսաշրջիկները:

Թեև Գորիսը տարեցտարի ավելի գրավիչ է դառնում օտարերկրացի զբոսաշրջիկների համար, այդուհանդերձ, տուրիզմի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ դեռ մնում են չլուծված: «Միրհավ» հյուրանոցի հիմնադիր տնօրեն Շահեն Զեյթունցյանն ասում է՝ եթե նախկինում ավելի շատ հյուրեր էին ունենում եվրոպական երկրներից, ապա հիմա հյուրերի թվում գերակշռում են ռուսները, որոնք «քաղաքական խնդիրների պատճառով» Թուրքիա չեն գնում: Զբոսաշրջիկների թվի աճը Շահեն Զեյթունցյանը պայմանավորում է նաև «Տաթևի թևեր» ճոպանուղու գործարկմամբ: «Ամեն տարի մենք նկատում ենք շոշափելի աճ թե՛ տուրիստների քանակի, թե՛ որակի մեջ: Եթե այն ժամանակ գալիս էին քիչ քանակով և մեկ օրով, հիմա ավելի երկար են մնում»,- ասում է Զեյթունցյանը:

Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրների շարքում նա առաջին հերթին մատնացույց է անում քաղաքի աղբահանության վատ կազմակերպումը, անբարեկարգ մայթերն ու փողոցները: «Մայթերն անանցանելի են, դրա համար մարդիկ փողոցի մեջտեղով են քայլում, և դա շատ վտանգավոր է, քանի որ եվրոպացիները սովոր չեն ճանապարհի մեջտեղով քայլել, չգիտեն ինչպես վարվել, եթե դիմացից մեքենա է գալիս»:

Զբոսաշրջիկները դժգոհում են ոչ միան ներհամայնքային, այլև միջպետական ճանապարհներից: Զեյթունցյանը շեշտում է՝ միայն հյուրանոցով տուրիզմ չեն զարգացնում: «Այս ճանապարհներով տուրիզմ չի զարգանա: Եթե մեր կառավարությունն է, իշխանությունն է, հայտարարում է՝ ես տուրիզմը զարգացնում եմ, պետք է նստի մտածի՝ որտեղ է սկսում, որտեղ է վերջանում տուրիզմը: Հոթելով տուրիզմ չեն զարգացնում: Հոթելում մարդը քնում է, արթնանում, տեսնում է փողոցը կեղտոտ է, զզվում է: Ճանապարհին ուզում է զուգարանից օգտվել, չկա, և այլն, և այլն: Դա արդեն տուրիզմի համար տհաճ երևույթ է»,- շարունակում է Զեյթունցյանը:

Հայաստանի կառավարությունը, նկատի առնելով հանգամանքը, որ Գորիսն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով, ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորություններ, Ջերմուկից հետո որոշել էր զբոսաշրջությունը զարգացնել նաև Գորիսում։ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն էր ներկայացրել «Գորիսի զբոսաշրջության զարգացման ծրագիրը»։ Այն ենթադրում էր 2014 -2016 թթ. ընթացքում քաղաքի պատմամշակութային միջավայրի վերականգնում, զբոսաշրջային ռեսուրսների տվյալների բազայի ստեղծում, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում և այլն։

Դրանով Գորիսը հավակնում էր վերածվել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոներ կազմակերպող միջազգային կենտրոնի։ Արդեն 2016 թվականն է, սակայն ենթակառուցվածքների զարգացման, պատմամշակութային միջավայրի վերականգնման ուղղությամբ տեսանելի ոչինչ չի արվել: Իսկ մինչ այդ՝ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը ձեռքբերումների շարքում առանձնացնում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ստեղծումը:

«Կառավարության որոշման կետերից մեկը Գորիսում զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ստեղծումն էր, և այդ կենտրոնը ստեղծվեց: Նշեմ «Սյունյաց ավանդույթներ» փառատոնի մասին, որ յուրաքանչյուր տարի Գորիսում իրականացվում է թթի փառատոն»,- ասում է Ադունցն ու ընդգծում՝ քաղաքի լուսավորման, բակերի բարեկարգման, ասֆալտապատման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվել են: 2016-2021 թվականների կտրվածքով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրն էլ ենթակառուցվածքային խնդիրներ կլուծի: Վաչագան Ադունցը վստահեցնում է, որ նախաձեռնությունը թղթի վրա չի մնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG