Մատչելիության հղումներ

«Նորմա»-ի ռեժիսորը պահանջում է խաղացանկից հանել «չստացված» բեմադրությունը


Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, արխիվ
Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, արխիվ

Օպերային թատրոնի ղեկավարությունը, մինչդեռ, կտրականապես դեմ է ռեժիսորի պահանջներին:

Աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից Վինչենցո Բելլինիի հանրահայտ «Նորմա» օպերան Բորիս Հայրապետյանի բեմադրությամբ դեռ տարիներ առաջ է ներկայացվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Եվ ահա, մի քանի ամիս առաջ, թատրոնը կրկին հրավիրեց ռեժիսորին՝ նախապատրատելու «Նորմա»-ի բեմադրությունը, որը մեր երաժշտասերներին ներկայացվեց նախ ապրիլի սկզբին, ապա նաև մեկ ամիս անց՝ մայիսի 2-ին:

Նախօրեին Բորիս Հայրապետյանն ասուլիս էր հրավիրել՝ լրագրողներին տեղեկացնելու, որ չափազանց դժգոհ է ներկայացումից, այն շատ վատ է ստացվել և ինքն արդեն երկու նամակ է ուղարկել մշակույթի նախարարին՝ պահանջելով հանել «Նորմա» օպերան թատրոնի խաղացանկից: Այդ նամակներն անպատասխան են մնացել, մինչդեռ բեմադրող ռեժիսորն ասում է, որ թե՛ տեխնիկական, թե՛ ստեղծագործական առումներով, այսօր այդ ներկայացումը բեմ հանել պարզապես չի կարելի, ապագայում ՝ նույնպես, քանի որ «հաջորդ անգամ ավելի վատ կլինի»:

«Որովհետև չեն կարող, ոչ մի ամսից, ոչ էլ երկու ամսից: Ես հրավիրված ռեժիսոր եմ, որն էկել դրել ա, գնացել ա, իրանք պետք ա անեն: Խայտառակություն է, բայց մի ուրիշ խոսք կա՝ էսօր որ մեր երկիրը սենց վիճակում ա գտնվում, մենք տենց բաների իրավունք չունենք, դա արդեն խայտառակություն չի, դա հանցագործություն ա, ինչպես օպերային թատրոնի, այնպես էլ բեմադրության հանդեպ: Նախարարն ինձ չի կանչել: Իրենք ինչ-որ հավաքվել են, խոսացել են, ինձ ասացին, բայց ես իմացա հետո: Գուցե խոսել են, ասել են՝ լավ ա, ինչ ա ուզում, կամ ասել են՝ թերությունները տեսել ենք, կանենք: Բայց ամսի 2-ին ավելի շատ եղավ, քան էն վախտ»,- լրագրողներին ասաց Բորիս Հայրապետյանը:

Ուշագրավ է այն, որ ռեժիսորը, փաստորեն, ամիսներ տևած աշխատանքի ընթացքում չի հասկացել, որ ներկայացումը լավ չի ստացվում, և միայն պրեմիերայից հետո է գլխի ընկել: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնակատար Կարեն Շահինյանն անչափ վրդովված հակադարձում է՝ չի կարելի նման կարծիք հայտնել, քանի որ բեմադրությունը, եթե չասենք 100, ապա գոնե 70 տոկոսով հաջողված է․ հրաշալի երգիչներ են ներգրավված, թատրոնն էլ ապահովված է լավագույն տեխնիկական սարքավորումներով:

«Աշխարհում շատ քիչ թատրոններ կան, որ մեր բեմի լույսերից ունեն: Այսինքն՝ համաշխարհային մակարդակի է: Փաստացի եմ ասում՝ աֆիշաների վրա Բորիս Հայրապետյանը գրված է ոչ միայն որպես ռեժիսոր, այլ սցենոգրաֆիան և լույսերն էլ են ինքը: Հարց եմ տալիս՝ եթե իմ լույսերն աշխարհի ամենալավ լույսերն են, իմ լույսե՞րն են մեղավոր, որ լույս դնել չգիտես դու, ընկեր Հայրապետյան: Աբսուրդ վիճակ է, և շատ եմ զարմանում, որ նման հիմար սիտուացիա է:

Պատասխանս այսպիսին է՝ Գեղարվեստական խորհուրդը, իմ սիրելի ժողովուրդը, այսինքն հանդիսատեսը, որոնք նայել են երկու «Նորմա»-ն ․․․ և չկա մի կարծիք, որ այս ներկայացումն այնպիսի ահավոր բան է, որ թատրոնում չպիտի գնա: Վերջիվերջո, ինչպե՞ս թատրոն սիրող մարդը, լինեմ ես, տնօրենը, թե մյուսները, թույլ կտանք մեր թատրոնում վատ ներկայացում գնա: Եթե իր մոտ ինչ-որ բան չի ստացվել, դա իր պրոբլեմն է, մենք իրենից շնորհակալ ենք: Հասկանու՞մ եք ինչ ա ստացվում՝ ռեժիսորին մենք գնահատում ենք, ասում ենք՝ սա ցանկի մեջ ա, նա ասում ա՝ ես չեմ ուզում գնա ․․․ »,- «Ազատության» հետ զրույցում տարակուսանք հայտնեց Կարեն Շահինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG