Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը


«Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության և անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը», - գրել է Հայաստանի առաջին նախագահը:

«Ի լուր» կայքում հրապարակած հոդվածում մեջբերելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոների այս տարվա մայիսին արած հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում»՝ Տեր-Պետրոսյանը գրում է․ - «Իսկ համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում և ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը»։

«Ուստի», - շարունակում է նա, - «Հայաստանն իր գործողություններով (խոսքը մասնավորապես Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում և կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին»:

Գնահատելի համարելով, որ «Հայաստանի իշխանությունները, Ղարաբաղի ղեկավարության համամտությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից», Տեր-Պետրոսյանը գրում է․ - «Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից»։

Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, Հայաստանի առաջին նախագահի խոսքով, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը․ - «Երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։

Պնդելով, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի անտեսել այս դոկտրինի կիրառման կարևորությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանցում է, որ ֆրանսահայ հայտնի փաստաբան Րաֆֆի Գալֆայանը իրեն գրած անձնական նամակում պատրաստակամություն է հայտնել, համապատասխան մասնագետների ուղեկցությամբ, գալ Երևան և «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին ձեռնարկել Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ տարիներ շարունակ կիրառված մարդու իրավունքների ոտնահարումներին, բռնի տեղահանություններին, պատերազմական գործողություններին վերաբերող մի ծանրակշիռ թղթածրարի պատրաստմանը՝ այն միջազգային ատյաններում, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG