Դատարանն այսօր հրապարակեց Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարության արձանագրությունները: Գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն այդպես էլ սպանված Ավետիսյանների տուն չի տարվել: Ռուսական կողմը հենց 102-րդ ռազմաբազայում կառուցել է Ավետիսյանների տան նմանակ մակետը, և Պերմյակովը փորձարարության ժամանակ ցույց է տվել, թե ինչպես է մուտք գործել տուն, ինչպես է սպանել Ավետիսյաններին, մասնավորապես՝ սվինահարելով փոքրիկ Սերյոժային:
Ռուսական կողմը դատարանին է տրամադրել միայն փորձարարության արձանագրությունները, կից՝ սև ու սպիտակ, անորակ նկարներով, որոնցում շատ բան, ըստ էության, անհասկանալի է: Թեպետ այդ լուսանկարներում էլ պարզ երևում է, որ փորձարարությունը տեսանկարահանվել է, սակայն, տեսանյութը հայկական կողմին չի տրամադրվել: Այս փաստը տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին կասկածելի է թվում: Ըստ նրանց, ռուսական կողմն ինչ-որ բան է թաքցնում, կամ միտումնավոր չի տրամադրում:
Այսօր դատարանը հրապարակեց նաև չորս ռուս զինծառայողներից ստացված հարցման պատասխանները: Պերմյակովի նախկին ծառայակիցներին վկայի կարգավիճակով դատարան էին հրավիրել տուժող կողմի ներկայացուցիչները: Կանչված ծառայակիցները հրաժարվել են ներկայանալ հայկական դատարան: Նրանցից մեկը դա պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով, մյուսը՝ սոցիալական վիճակով: Վերջիններս նաև ասել են, թե պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները:
Քանի որ դատարանն այլ երկրի քաղաքացուն բերման ենթարկելու իրավասություն չունի, ուստի ստիպված էր հրապարակել նշված 4 վկաների նախաքննական ցուցմունքները: Եվս 3 ռուս զինծառայողների դատարան հրավիրելու համար դատարանը դարձյալ դիմումներ կուղարկի: Նրանցից ամենաառանցքային վկան Անդրեյ Նիկիշինն է, ով Պերմյակովի անմիջական հրամանատարն է եղել: Կարևոր վկա է համարվում նաև այն անձը, ով ամբաստանյալին Չիտայից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա է ուղարկել: Փաստաբանները շատ են կարևորում են այս վկայի հարցաքննությունը, սակայն, խիստ կասկածում են, որ նա երբևէ կներկայանա դատարան:
Տուժողի իրավահաջորդներից Լուսինե Սահակյանն այսօր միջնորդեց, որ որպես վկա դատարանում հարցաքննվի նաև Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Դատարանը մերժեց միջնորդությունը, հիմնավորելով՝ գործը քննվում է ըստ մեղադրանքի: