«Գնդակը Ադրբեջանի դաշտում է», - Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո երեկ ուշ երեկոյան հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագծի շուրջ գործընթացների մասին:
«Եթե իրենք կփորձեն խնդրին լուծում տալ ռազմական ճանապարհով, նշանակում է՝ որևէ բանակցությունների մասին այլևս խոսելը գոյություն չունի: Նշանակում է՝ եթե իրենք գնում են դեպի պատերազմ, նրանք մերժում են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Այդ պայմաններում Հայաստանը կանի այն, ինչի մասին խոսել է հանրապետության նախագահը, և բոլորը դրա մասին կիմանան Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարից», - ընդգծեց Շարմազանովը:
«Մեր կարծիքը չի փոխվել․ որպեսզի բանակցությունները շարունակվեն, պետք է իրականացվեն երեք քայլեր՝ դա վստահության մեխանիզմների ներդրումն է՝ ընդհուպ մինչև հետաքննություն, դա հասցեական գնահատականներն են, և դա երաշխիքներն են միջազգային հանրության կողմից, որ Ադրբեջանը չի սկսի նոր ռազմական ագրեսիա», - ասաց Շարմազանովը:
«Պետք է նշեմ, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արդեն արձագանքեց մեր նախագահի առաջարկին՝ նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է հետաքննության և վստահության մեխանիզմների ներդրմանը: Ավելին՝ նա նշեց, որ խնդիրը չունի ռազմական լուծում», - հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ երեք առաջարկներից երկուսին արդեն Ռուսաստանի արտգործնախարարը դրական ազդակ է հղել: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը երբ որ խոսում է, ինքը խոսում է ոչ միայն որպես Ռուսաստանի արտգործնախարար, այլ որպես համանախագահ երկրներից մեկի արտաքին գործերի նախարար, և գոնե ղարաբաղյան հիմնահարցում մենք տեսել ենք, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Միացյալ Նահանգների գոնե հրապարակային գնահատականները համահունչ են: Եվ էս իմաստով, պետք է նշենք, որ հայկական կողմերի առաջարկները ընդհանուր առմամբ՝ գոնե եթե մենք հիմք ենք ընդունում Լավրովի հայտարարությունը, ընդհանուր առմամբ, Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտ ունեն դրական ընկալում»:
«Պարոն նախագահի կարծիքը չի փոխվել՝ մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը սկսի ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - շեշտեց Հանրապետականի խոսնակը:
Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը, և դրա համար Հայաստանը անելու է բոլոր քայլերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ապրեն անկախ ու ազատ և միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»:
«Եվ մենք դրան հասնելու ենք՝ ուզեն արևելքում, չուզեն արևմուտքում՝ մենք դրան հասնելու ենք, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացումը և ինքնորոշման իրավունքը դա ՄԱԿ-ի նպատակներից է, և որևէ մեկը չի կարող Ղարաբաղի ժողովրդին բացատրել, թե ինչու, օրինակ, Արևելյան Թիմորը 99 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է կատարի ռեֆերենդում, որից հետո անկախանա Ինդոնեզիայից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը 91 թվականին իրականացրել է ռեֆերենդում, անջատվել է Խորհրդային Միությունից, չի կարող իրականացնել ռեֆերենդում և ռեֆերենդումի միջոցով իր ճակատագիրը որոշել: Որևէ մեկը չի կարող Եվրոպայում Ղարաբաղի ժողովրդին ապացուցել, որ Կոսովոյի բնակիչները ունեն ավելի շատ ինքնորոշվելու իրավունք, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: