Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳՆ. ԵԽ կոմիտեն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը


Փշալար և զգուշացնող վահանակ Վրաստանի և Հյուսիսային Օսիայի փաստացի սահմանին
Փշալար և զգուշացնող վահանակ Վրաստանի և Հյուսիսային Օսիայի փաստացի սահմանին

Վրացական արտաքին գերատեսչության գնահատմամբ՝ փաստաթուղթը վկայում է, որ մեծացել է Եվրախորհրդի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ:

Եվրոպայի խորհրդի փոխնախարարների կոմիտեն երեկ ընդունել է որոշում՝ Վրաստանի վերաբերյալ:

Ըստ որոշման, ինչպես փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, կոմիտեն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Մայիսի 4-ին ընդունված փաստաթղթում ընդգծվում է Ռուսաստանի պատասխանատվությունը՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում», - ասված է Վրաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է. - «Ունենալով փաստացի վերահսկողություն այդ տարածքների նկատմամբ՝ Ռուսաստանը պարտավոր է այդ տարածքներում երաշխավորել վրացերեն լեզվով մարդկանց կրթության իրավունքը, ապահովել տեղահանվածների ու փախստականների արժանապատիվ վերադարձը և պաշտպանել նրանց սեփականության իրավունքը, չոտնահարել նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, կանխել անձանց ապօրինի ձերբակալությունները, պաշտպանել այդ տարածքներում բնակվող անձանց խտրական վերաբերմունքից, հետաքննել մարդու իրավունքների խախտումների դեպքերը»:

Փոխնախարարների կոմիտեն նաև նշել է, որ Ռուսաստանը, չնայած իրեն հասցեագրված բազմաթիվ ուղերձներին, շարունակում է պահել արհեստական պատնեշը «վարչական սահմանին»:

Կոմիտեի անդամները միևնույն ժամանակ ողջունել են Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար անվճար բուժօգնություն ապահովելու՝ Վրաստանի կառավարության նախաձեռնությունը։

Կոմիտեի որոշման մեջ ներառված է նաև Ռուսաստանին հասցեագրված հորդոր՝ ապահովել Եվրոպայի խորհրդի գործող կառույցների ներկայացուցիչների մուտքը Վրաստանի այդ տարածքներ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, փաստաթուղթը վկայում է, որ մեծացել է Եվրոպայի խորհրդի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG