Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Պետք է երաշխավորվի, որ չի կրկնվի ապրիլի սկզբին տեղի ունեցածը


Պրահայում Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քննարկման առարկա դարձավ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Վերջին շրջանում ադրբեջանական գործողությունների կապակցությամբ Վիշեգրադյան քառյակի համապատասխան գնահատականների վերաբերյալ լրագրողի հարցին հարկ համարեց պատասխանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյանովը, ով բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ադրբեջանական տեսակետը` հայտարարեց, թե 1990-ականներին հայկական զորքերը, իր ձևակերպմամբ` «Ադրբեջանի գրավյալ տարածք են մտցվել», և հայկական կողմին վերագրեց, ինչպես ինքը նշեց՝ «էթնիկ զտումների» գործողությունները և «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի» գրավման վերաբերյալ բազմիցս ներկայացրած մեղադրանքները, և անգամ նշեց, թե «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը երջանիկ էր ադրբեջանական համայնքի հետ խորհրդային ժամանակներում»: Ապա Մամեդյարովն անդրադարձավ բանակցային գործընթացի փուլերին, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ստատուս քվոյին:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ մոտ 8 րոպե տևած բացատրությանն արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Շատ երկար լեկցիա, բայց ոչ մի պատասխան՝ շատ ուղիղ, պարզ հարցին», - հեգնեց Հայաստանի արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը վկայակոչեց դեպքերը, երբ Ադրբեջանում մարդասպաններին շնորհում են ազգային հերոսի կոչում:

«Դա տեղի ունեցավ Սաֆարովի դեպքում, և հիմա, դուք գիտեք՝ բոլոր դաժանությունները, Լեռնային Ղարաբաղի դեմ շատ լայնածավալ, շատ լավ պատրաստված ռազմական ագրեսիվ գործողությունների և այդ գործողությունների ընթացքում «Իսլամական պետության» ոճով, դաժանությունների ոճով, միգուցե ոչ «Իսլամական պետության», այլ՝ Բաքվի ոճով, որովհետև մինչ այդ Սաֆարովի գործն էր, երեք գերեվարված հայ զինվորներ գլխատվել էին և նրանց գլուխները ցույց էին տվել Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում, և մարդասպաններից մեկին Ադրբեջանի նախագահը հռչակեց ազգային հերոս»,- հիշեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

«Ես չեմ գնա պատմության խորքերը, բայց շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով»,- բնորոշեց Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց 1994 թվականը, հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրեցին Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, հետո Մինսկի խմբի համանախագահող երկրների հնչեցրած հայտարարությունները, ապա հիշեցրեց, որ հրադադարի համաձայնագիրը չունի ժամանակային որևէ սահմանափակում և այն պետք է կատարվի:

Հայաստանի արտգործնախարարն ասաց՝ պետք է երաշխավորվի, որ չի կրկնվի ապրիլի սկզբին տեղի ունեցածը, և պետք է ստեղծվի հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: Նալբանդյանը հիշեցրեց, որ այդ առաջարկն ընդունում են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, և մերժում՝ Ադրբեջանը: Էդվարդ Նալբանդյանն ավելացրեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երեք համանախագահների հետ:

Վիշեգրադյան քառյակի կարծիքը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններից հետո Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը ամփոփեց Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության արտգործնախարարների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը. - «Ես շատ պարզ ասեմ, որ մենք, բնականաբար, քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ Արևելյան գործընկերության տարածքում առկա կոնֆլիկտների թեմաները՝ Դոնբասի, Մերձդնեստրի և, իհարկե, վերջին զարգացումների բերումով՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները: Կարող եմ այստեղ հայտնել Վիշեգրադյան քառյակի կարծիքը, որ ԼՂ խնդրի լուծումը չի կարող լինել զենքի և բռնության ճանապարհով, միակ տարբերակը խաղաղ ելքն է, որը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Եվ մենք այստեղ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, որին վերապահվել է հարցի կարգավորումը: Մենք տեսնում ենք այս բանավեճը և ողջունում ենք մտքերի փոխանակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG