Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները: ՀՀ նախագահին ուղղված հարցերը վերաբերել են ինչպես ս.թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, այդ օրերին հայկական բանակի գործողություններին, Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբվածությանը, այնպես էլ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարին, համահայկական ներուժի համախմբմանը:
«Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում: Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում: Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից», - ասել է Սերժ Սարգսյանը: