Մատչելիության հղումներ

Կոլերով. Ռուսաստանի քաղաքական էլիտան Ղարաբաղի հարցում միասնական մոտեցում չունի


Փորձագետի կարծիքով, հայաստանյան հասարակությունում այսօր առկա հակառուսական տրամադրությունների հիմքում Մեդվեդևի և Ռոգոզինի «անթույլատրելի, ժամանակավրեպ և վնասակար» հայտարարություններն էին:

Հայաստանն այսօր դիվանագիտական լավ շրջանի մեջ է, և եթե Երևանը մինչ օրս դեռ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, գոնե պետք է հնարավորինս երկար պահի այս դիվանագիտական դադարը, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:

Կոլերովի խոսքով, եթե դատելու լինենք Ղարաբաղի վերաբերյալ ռուսաստանյան մամուլում հայտնվող վերջին հրապարակումներից, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և ռուսաստանցի փորձագետների մեկնաբանություններից, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան Ղարաբաղի հարցում միասնական մոտեցում չունի:

Փորձագետի կարծիքով, հայաստանյան հասարակությունում այսօր առկա հակառուսական տրամադրությունների հիմքում Մեդվեդևի և Ռոգոզինի «անթույլատրելի, ժամանակավրեպ և վնասակար» հայտարարություններն էին:

«Այդ հայտարարությունները լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի դիրքերին Ղարաբաղում և Հայաստանում», - ասում է Կոլերովը և որոշ փակագծեր բացում. - «Մոսկվայում կա երկու տարբեր մոտեցում ղարաբաղյան խնդրին. Սպիտակ տան` այսինքն Ռուսաստանի կառավարության մոտեցումը, և Կրեմլի մոտեցումը: Կառավարության մոտեցման մասին մենք արդեն գիտենք և վաղուց հայտնի է Մեդվեդևի թիմի ադրբեջանամետ դիրքորոշումը: Սակայն կա նաև Կրեմլի, կամ, այսպես ասած, պուտինյան թիմի մոտեցումը, և միայն Կրեմլի դիրքորոշումն է, որ կարող է երաշխավորել հայերի համար կարգավորման արդար տարբերակ»:

Ընդ որում, ռուսաստանցի փորձագետը վստահ է` Մոսկվան այսօր որևէ նոր ծրագիր չունի, և բացի այդ` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մոտեցումները Ղարաբաղի հարցում այսօր միասնական են: Ավելին, ըստ նրա, և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը համարում են, որ ժամանակն է, որ Ստեփանակերտը նորից հանդես գա որպես բանակցային կողմ:

Կոլերովը նաև ասում է, թե զարմացած է, որ մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

«Հարձակվելով` Բաքուն Երևանին Ղարաբաղը ճանաչելու քարտ բլանշ է տվել», - ասում է փորձագետը:

Վաղ, թե ուշ` բոլորն էլ ճանաչելու են Ղարաբաղի անկախությունը և Ղարաբաղի կարգավիճակը որպես բանակցային կողմ միայն կօգնի այդ գործընթացին, ասում է Կոլերովը` շարունակելով. - «Ղարաբաղը դառնալու է բանակցային կողմ, Ադրբեջանը ստիպված է լինելու հաշտվել այս իրողության հետ, հետո, իհարկե, կլինեն խաղաղապահներ: Սա է միակ տարբերակը»:

Ի դեպ, թեև Կոլերովը չի բացառում Բաքվի կողմից նոր հարձակումը, բայց և քիչ հավանական է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG