Մատչելիության հղումներ

600 հազար դրամ տուգանք՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ականին


«Հետք»-ի լրագրող Դիանա Ղազարյանը
«Հետք»-ի լրագրող Դիանա Ղազարյանը

Հանրաքվեի օրը Հանրապետականի վստահված անձը լկտի վարքագիծ է դրսևորել, սպառնացել է «Հետք»-ի լրագրողին, հետո էլ՝ խլել համակարգիչը։

Դատարանն այսօր որոշեց 600.000 դրամով տուգանել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Հետք» պարբերականի թղթակցի աշխատանքը խոչընդոտած՝ ՀՀԿ անդամ Արթուր Խուրշուդյանին։ «Հետք»-ի լրագրող Դիանա Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Հանրապետականի վստահված անձը սպառնացել է իրեն ու գործընկերուհուն, հետո էլ խլել համակարգիչը։

«Մոտեցավ գոռալով, թե ի՞նչ եք անում, «Հետք»-ից ոնց որ շատ չե՞ք ստեղ բզբզում, հելեք գնացեք: Էս էր բովանդակությունը, գործընկերուհիս նշեց, որ մենք մեր աշխատանքն ենք կատարում, ասեց՝ դու ուզում ես քո ականջները պոկեմ, հա՞։ Ես արդեն խմբագրությանը զգուշացրել էի, որ մի փոքր լարված իրավիճակ ա։ Համակարգիչս դրեցի, կանգնեցի ոտքի, որպեսզի տեսանկարահանեմ կատարվելիքը, որովհետև ինքն արդեն բորբոքված էր, և չգիտեի, թե հետոն ինչ էր լինելու։ Համակարգիչս աթոռից վերցրեց, փակեց և դուրս գնաց՝ իր հետ տանելով»։

Ամբաստանյալ Խուրշուդյանն ամբողջությամբ ընդունեց մեղքը: Նրա ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը միջնորդեց, որ դատն ընթանա արագացված կարգով։ Ապա, դատարանն անցավ Խուրշուդյանի անձը բնութագրող տվյալներն ուսումնասիրելուն։ Երևանի մետրոպոլիտենի ինժեներ Արթուր Խուրշուդյանին նախկինում դատարանն արդեն դատապարտել է տուգանքի և ուղղիչ աշխատանքների։ Չնայած այդ հանգամանքին, շենքի բնակիչները նրանք բնորոշել են որպես «արդար» ու «պատրաստակամ» անձնավորություն։

Ամբաստանյալի ներկայացուցիչը նշեց, որ Խուրշուդյանն իր 120.000 դրամ աշխատավարձով դժվարանալու է վճարել տուգանքը, խնդրեց ավելի մեղմ պատիժ սահմանել, մինչդեռ, լրագրողի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հակադարձեց՝ մեղադրյալը հասարակության համար վտանգավոր արարք է կատարել՝ «Խոչնդոտել է ինֆորմացիայի ազատ հոսքին, իսկ լրագրողը էդ պահին աշխատում էր հանրության համար, ոչ թե իր սեփական անձի»։

Տուժող լրագրողը՝ Դիանա Ղազարյանը, վճռից ընդհանուր առմամբ գոհ էր։ «Ինքը նշեց, որ պատիժը մի փոքր խիստ է, ինքն աշխատանք ունի ընադմենը 120.000-ի, ես էդ հանգամանքը չեմ ընդունում որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինքս կարծում եմ, որ էնքանով է ապահովված, որ քշում է բարձր դասի ավտոմեքենա՝ 20-30 հազար դոլարանոց։ Նշանակում է՝ մարդը ապահովված է և 120.000 դրամի նյութական միջոցի հաշվին չի ապրելու»,- ասաց Դիանա Ղազարյանը։

Դատարանը Խուրշուդյանին թույլատերց տուգանքը վճարել 10 ամսվա ընթացքում, ամսական 60 հազար դրամի չափաբաժնով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG