Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ակնկալում են «միջազգային ճանաչման շարան»


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

«Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ ճանաչումների շարանը շարունակվելու է: Արցախի միջազգային ճանաչումը շատ կարևոր եմ համարում նաև այն առումով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա: Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը, նաև թույլ կտա բանակցող կողմերին, հակամարտող կողմերին կենտրոնանալ բուն, ռեալ խնդիրների վրա, այն է՝ թե ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո», - «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կարեն Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչեն նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները, Միրզոյանը պատասխանեց․ - «Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և որքան կայացած լինի մեր պետությունը, որքան մենք կարողանանք զարգացնել այն, այդքան ավելի մոտ ենք լինելու այդ նպատակին»:

Իսկ հարցին, թե ինչպես են Ղարաբաղում վերաբերվում Հայաստանի կառավարության նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին ընդդիմադիր պատգամավորների առաջարկի ընդգրկմանը, Կարեն Միրզոյանը արձագանքեց․ - «Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ դա Հայաստանի Հանրապետության և օրենսդիրների որոշելիքն է»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան վերջին այցից առաջ և հետո ռուսաստանյան մամուլը հանդես եկավ բազմաթիվ հրապարակումներով, թե նա կոնկրետ առաջարկներով էր եկել Երևան, որոնց էությունը հետևյալն է․ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանին վերադարձվեն առնվազն հինգ շրջաններ, վերադառնան փախստականները, տեղակայվեն խաղաղապահներ, ապա՝ անորոշ ժամանակ անց, կկայանա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեն:

Հարցին, թե արդյոք դա համապատասխանում է իրականությունը, և ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը, Միրզոյանը պատասխանեց․ - «Ես տեղյակ եմ նախարար Լավրովի հայտարարություններին, որ ինքն արեց իր այցի ավարտին: Կարծում եմ, նախարար Լավրովի հայտարարությունները և նախօրեին տարբեր տեղերում հնչած հայտարարությունները, թերթերում եղած հրապարակումները բավականին տարբեր էին: Իհարկե, հասկանալի է Ռուսաստանի շահագրգռվածությունը, ես կարծում եմ, նույնիսկ կարող ենք ասել՝ ողջունելի է, ինչպես նաև ողջունելի են մյուս միջնորդների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ջանքերը՝ փորձելու, այսպես ասած, խելքի բերել Ադրբեջանը, փորձելու կանգնեցնել Ադրբեջանի այդ ավանտյուրայի հետագա զարգացումը»:

Ճշտող հարցին, թե ի վերջո կան ինչ-որ առաջարկություններ, որոնց մասին խոսում են ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, գրում են լրատվամիջոցներում, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարն արձագանքեց․ - «Ես արդեն առիթ եմ ունեցել մեր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ուղղակի կոչ եմ արել առաջնորդվել ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումներով, որոնք շատ հաճախ տեղավորվում են քարոզչական պատերազմի շրջանակներում և նպատակ են հետապնդում ոչ միայն ապակողմնորոշել, այլ ուղղակի կամազուրկ անել տվյալ հասարակությունը, որին այն ուղղված է, այլ առաջնորդվել պաշտոնական հայտարարություններով, և նախևառաջ՝ հայրենյաց իշխանության պաշտոնական հայտարարություններով»:

Այս պահին, Կարեն Միրզոյանի խոսքով, բանակցություններ չկան, և անհնարին է որևէ բանակցություն վարել՝ հաշվի առնելով Ադրբեջանի քայլերը, որոնց նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումը բացառելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG